Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
«Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
- Կրակ վառել,
- Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել,
- Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել,
- Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն»,-նշվում է հայտարարության մեջ։