Վաղվանից օրինական ուժի մեջ կմտնի ՀՀ կառավարության կողմից 18 փետրվարի 2016 թվականին ընդունված թիվ N 231-Ն որոշումը, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև։
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի N 502-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 865-Ն որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Սույն որոշման դրույթները չեն տարածվում`
1) Հայաստանի Հանրապետության տարածք ժամանակավոր ներմուծվող ապրանքների վրա.
2) Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների վրա: Սույն ենթակետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների համար մաքսային վճարները գանձվում են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույքաչափերով.
3) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների վրա, եթե այդ ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ մաքսային արժեքը` 200 հազ. դրամը»:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վերը նշված որոշմամբ սահմանված է.
1) Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները` համաձայն N 1 հավելվածի.
2) ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը` հայերենով և ռուսերենով` համաձայն N 2 հավելվածի: