Մեկ տասնյակից ավելի տարի է անցել, բայց ՄԻՊ գրասենյակի հետ կապված երկու կարևոր խնդիրներ մնում են անլուծելի. փաստաբան

Մարդու իրավունքների պաշտպանը պետք է ունենա մշտապես գործող և պետության կողմից ֆինանսավորվող մարզային ներկայացուցչություններ: Կարծում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Մարատ Ատովմյանը: Նրա խոսքերով՝ այս ինստիտուտի ստեղծումից ի վեր վերոնշյալ խնդիրն այդպես էլ չի լուծվել. «Մարզային ներկայացուցչությունը հնարավորություն կտար պաշտպանին ավելի սերտորեն աշխատել քաղաքացիական հասարակության ինստիտուտների, պետական մարմինների և քաղաքացիների հետ մարզերում»,- նշեց մեր զրուցակիցը:

Մարատ Ատովմյանը կանգնած է եղել այս ինստիտուտի ստեղծման ակունքներում: Նա աշխատել է ՄԻՊ գրասենյակում 2004-2005թթ.-ին, այնուհետև տարբեր ձևաչափերով համագործակցել: Խորհրդատվական աջակցություն է ցուցաբերել նաև Ղրղզստանի օմբուդսմենին: Նա ասում է, որ հասարակության շրջանում լուրջ խնդիր է առկա այս ինստիտուտի ընկալվածության վերաբերյալ. «Շատ դեպքերում, այն քաղաքացիները, ովքեր դիմում են պաշտպանին, այնքան էլ իրազեկված չեն պաշտպանի՝ դերի, նշանակության և օրենքով վերապահված հնարավորությունների վերաբերյալ: Նրանք շատ դեպքերում դիմում են պաշտպանին՝ ակնկալելով այն, ինչ պաշտպանը չի կարող անել՝ ըստ օրենքի: Երբ պաշտպանն իրենց մերժում է պատճառաբանելով, որ օրենքով նման իրավասություններ չունի, մարդիկ նեղանում են՝ ասելով, թե ում է պետք այս հաստատությունը, երբ չի կարողանում իմ իրավունքները պաշտպանել»: Մյուս կողմից, որոշ պաշտոնյաներ, որոնց ներկայացրած մարմինները, ըստ պաշտպանի, խախտել են մարդու այս կամ այն իրավունքը, անձնավորված և ցավագին են ընդունում այս տեսակետը և հետևություններ անելու ու իրավիճակի շտկմանը միտված քայլեր ձեռնարկելու փոխարեն սկսում են անհարկի ինքնապաշտպանվել և սուբյեկտիվ դրսևորման տարրեր փնտրել պաշտպանի գործողություններում – փոխանցեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս խնդիրը 12 տարի անց դեռևս չի լուծվել:

Ինչ վերաբերում է Կարեն Անդրեասյանի հրաժարականին, ապա փաստաբանը ծանոթացել է այսօրվա նրա պարզաբանումներին, որոնք իրավիճակը չեն հստակեցնում. «Այն ոչ մի հստակություն չի պարունակում, հրաժարականի դրդապատճառները չեն մատնանշում, ինձ և շատ-շատերի համար անհասկանալի են մնում իրական դրդապատճառները»:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել