Մահացածների հարազատները դատարանում պատմեցին 7 անձի կյանք խլած վթարի մասին

Այսօր` հունիսի 16-ին Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Կամազի» գործով դատական նիստը:

Նիստին կրկին անգամ չէին ներկայացել տուժողների ու վկաների մի մասը: Այնուամենայնիվ, լսելով կողմերին նախագահող դատավոր՝ Ա. Մանուկյանը որոշում կայացրել հրապարակելու բացակա տուժողների, տուժողների իրավահաջորդների նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները, լսել ներկա վկաների ցուցմունքները:
Տուժող Հասմիկ Հովհաննիսյանը, ով ավտովթարից ստացած վնասվածքների հետևանքով դարձել էր հաշմանդամ, ներկա չէր նիստին, հանդես եկավ նրա լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Ռուդիկ Մովսիսյանը:

Հրապարակվեց Հ. Հովհաննիսյանի նախաքննական ցուցմունքները: Ամբաստանյալ Մանվել Վարդանյանի պաշտպան՝ Լիանա Բալյանը առարկեց ցուցմունքի դեմ ու այն միջնորդեց ճանաչել ոչ վերաբերելի ու անօրինական` պատճառաբանությամբ, որ ցուցմունքը գրվել էր վարույթն իրականացնող քննիչի կողմից այն ժամանակ, երբ Հ. Հովհաննիսյանը գտնվել է վերակենդանացման բաժանմունքում:

Վերջինիս ներկայացուցիչ՝ Ռ. Մովսիսյանը ներկայացրեց քաղվածք բժշկական փաստաթղթից, ըստ որի Հասմիկ Հովհաննիսյանը չի կարող ներկա եղանակային պայմաններում կրել հագուստ, անհրաժեշտ է, որ վերջինս կրի ստերիլ ձեռնոցներ, բինտ ու այլ բժշկական պարագաներ, որն անհնարին է: «Բացի այդ ինչպես արձանագրված է ցուցմունքում, Հասմիկ Հովհաննիսյանը ոչ թե ի վիճակի չի եղել ցուցմունք տալու, այլ ձեռքերի վնասվածքների պատճառով անձամբ գրելու», հավելեց փաստաբանը ու միջնորդեց մերժել ներկայացված առարկությունը:

Տուժող Կարեն Բաղդասարյանի ցուցմունքի համաձայն, վերջինս նստած է եղել ավտոբուսի վերջին աջից առաջին նստատեղին: Վթարի հետևանքով մեքենայից դուրս է ընկել ու մանրամասներին տեղյակ չէ:

Տուժողի իրավահաջորդ Կարուշ Վրույրի Հարությունյանի ցուցմունքի համաձայն, վերջինիս որդին Դավիթ Հարությունյանը նստած է եղել «Գազել»-ի վարորդի կողքին: Նույն օրը երեկոյան ժամը 22:00-ին, երբ լուրերով հայտնել են դեպքի մասին, նա մեկնել է «Գյումրի ԲԿ», հետո տեղեկացել, որ ողջերի մեջ որդին չկա: Հաջորդ օրը որդուն ճանաչել է շալվարի հետևի գրպանում նրա ձեռագրով գրված թղթի կտորից ու բանալուց:

Տուժողի իրավահաջորդ Լևոն Սարգսյանի ցուցմունքի համաձայն՝ որդին՝ Վանիկ Սարգսյանը նստած է եղել վարորդի կողքին՝ աջ նստարանին, դռան մոտ: Դեպքի մասին տեղեկացել է ազգականներից, քանի որ ինքը ՀՀ-ից դուրս է գտնվել: Հաջորդ օրը որդու դին ճանաչել են գլխի ընդհանուր կառուցվածքից:

Տուժողի իրավահաջորդ Խաչիկ Սարգսի Նազարյանի ցումունքով կնոջ՝ Մարինե Նազարյանի դին ճանաչել է մատին դրված իր մատանուց, որը կինն էր կրել ու կոշիկներով:

Վկա Ռաֆայել Հովհաննիսյանը դատարանին հայտնեց, որ Գազելի մեջ նստած է եղել վերջին ձախ նստատեղին: Ճանապարհին մթության պատճառով որևէ արտառոց բան չի նկատել: Մինչև վթարը լսել է, որ ինչ-որ կին գոռում է «Կամաց-կամաց» ու մեքենան բախվել է ինչ-որ բանի, որը չի տեսել:

Վթարից հետո իջել է մեքենայի սրահից ու օգնություն է ցույց տվել այրվող կնոջը, որից հետո հետէ դարձել ու օգնել մեքենայի սրահից օգնություն կանչող մեկ այլ կնոջ: Պաշտպան Լ. Բալյանի ցուցմունքներին Ռ. Հովհաննիսյանը հստակ պատասխաններ չտվեց, ինչի պատճառով պաշտպանը միջնորդեց հրապարակելու նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ առկա էին հակասություններ: Ըստ հրապարակված ցուցմունքների` Ռ. Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ Գազելն ընթացել էր 80կմ/ժ արագությամբ, որ մեքենայի առջևի մասում մինչև վթարը լույս էր վառվել ու մեքենայի սրահ էր լցվել դիզելային վառելիք: Ռաֆայելը դրան պատասխանեց, որ անցած ամիսների հետևանքով մոռացել է շատ մանրամասներ, իսկ նախաքննության ընթացքում տվածը ճիշտ է ու պնդում է իր ցուցմունքը: Նաև հավելեց, որ զանգահարել է 911 ծառայություն՝ օգնություն կանչելու համար:

Վկա Արտակ Սարգսյանը նշեց, որ իր անձնական օգտագործման 3110 մակնիշի ավտոմեքենայով 2014թ. նոյեմբերի 10-ին Հոռոմից Գյումրի է շարժվել ու խաչմերուկի մոտ նկատել է կրակ: Մոտեցել է, տեսել վթարը ու կատարել իր քաղաքացիական պարտքը՝ օգնել տուժողներից ոմանց: Նկատել է նաև մի քանի դիակներ: Այնուհետև, զանգել է 911 ծառայություն ու կանչել փրկարարներին:

Վկա Վալյա Մխոյանը տեղեկացրեց, որ 2014թ. նոյեմբերի 01-ից աշխատում է «Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ում որպես պունկտի քույր: Իր պարտականությունների մեջ է մտնում ստուգել վարորդների առողջական վիճակը մինչև երթուղի դուրս գալը նրանց թույլատրելը: Յուրաքանչյուր օր նա ստուգում է մոտ 30 վարորդների առողջական վիճակը՝ 13 տաքսու վարորդի, իսկ մնացածը՝ Գազելի: Նույն օրը մինչև Ռազմիկ Մկրտչյանի դուրս գալը նա ստուգել է վերջինիս առողջական վիճակը՝ չափել է արյան ճնշումը, ջերմությունը, խմածության աստիճանը, նոր թույլ տվել դուրս գալու երթուղի:

Մյուս վկաներին լսելու հիմքով նիստը հետաձգվեց մինչև 2015թ. հունիսի 24-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել