Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով դատավարությունը:
Իրավաբան.net-ի հետ զրույցում գործով տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Թամար Յայլոյանը հայտնեց, որ այլ նիստի մասնակցելու պատճառաբանությամբ տուժողի իրավահաջորդի մյուս ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը ներկա չի եղել նիստին և գրավոր միջնորդել է հետաձգել այն:
Ինքը նույնպես կողմ է եղել նիստը հետաձգելուն, քանի որ առողջական խնդիրների պատճառով ներկա չի եղել նաև իր վստահորդ, սպանված Հարություն Գրիգորյանի կինը, ով, սակայն ցանկանում է ներկա լինել դատավարությանը: Դատարանը բավարարել է միջնորդությունը և նիստը նշանակել մեկ այլ հերթի` հունիսի 18-ին:
Փաստաբան Թամար Յայլոյանը հայտնեց նաև, որ պատրաստվում են դատարանին միջնորդություն ներկայացնել`ամբաստանյալ Կատունյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելու մասին: Նշենք, որ այս տարվա մարտին ստացվել էր դատաբժշկական փորձաքննության եզրակցությունը, որի համաձայն, ամբաստնյալ Արման Կատունյանը դեպքի պահին եղել է հոգեբանական աֆեկտի վիճակում: Այս եզրակացության հիման վրա նրան առաջադրված մեղադրանքը` Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով`դիտավորությամբ սպանություն կատարելը փոխվել է եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը) եւ 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք կրելը)։
Թամարա Յայլոյանի խոսքով, իրենք դատարանին են ներկայացնելու փաստեր, որոնք կասկածի տակ են դնում փորձաքննության օբյեկտիվությունը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Շիրակի մարզում hուլիսի 24-ին ժամը 16:00-ի սահմանում, Գետք համայնքի չօգտագործվող ֆերմաներից մեկի տարածքում գտել են Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի դին՝ հրազենային տարբեր վնասվածքով: Արման Կատունյանը ոստիկանություն էր ներկայացել ինքնակամ եւ խոստովանել մեղքը։
Թամարա Յայլոյանի լուսանկարը` նրա ֆեյսբուքյան էջից