Գյումրիի մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանն առաջադրված մեղադրանքն ու խափանման միջոցը դատարանի որոշմամբ փոխվել են:
Տուժող կողմի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը Իրավաբան.net-ին հայտնեց, որ խիստ բացասական է վերաբերվում այդ որոշմանը.«Գտնում եմ, որ փորձաքննության եզրակացությունը, որ սպանության պահին Կատունյանը եղել է խիստ հուզական վիճակում հիմնավոր չէ և պետք չէր 104-րդ հոդվածը փոխարինել 105-րդով»:
Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ն ավելի վաղ գրել էր, որ Արման Կատունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):