Մայոր Կատունյանը ռեկտորի եղբոր սպանության վայր գնացել էր կնոջ հետ. գործը դատարանում է

Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության գործն արդեն իսկ ուղարկվել է դատարան: Գործը քննվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ:Այս մասին տեղեկացավ Իրավաբան.netը` «Դատալեքս»դատական տեղեկատվական համակարգից:

Համաձայն մեղադրական եզրակացության` ռազմական ոստիկանության մայոր Արման Կատունյանն  իր կնոջ ` Ջեմմա Խաչատրյանի և հարևանությամբ բնակվող Հարություն Գրիգորյանի միջև արտաամուսնական հարաբերությունները Հ.Գրիգորյանի պահանջով պարզելու նպատակով նախորդ տարվա հուլիսի 24-ին, ժամը 11-ի սահմաններում, իր ավտոմեքենայով կնոջ հետ գնացել է Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամաս` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսաքանդ շինության մոտ:

Այստեղ հանդիպել է Հ.Գրիգորյանին և վերջինիս կողմից ամիսներ շարունակ,պարբերաբար դրսևորած հակաբարոյական վարքագծի կապակցությամբ առաջ եկած երկարատև հոգեճնշող իրավիճակի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապօրինի կերպով ձեռք բերած, ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով լիցքավորված «ՊՄ» տեսակի CK 5004 P համարի ատրճանակով յոթ անգամ կրակել է Հ.Գրիգորյանի վրա և սպանել նրան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել