ՀՀ աշխատանքային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն`
հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում մայրության նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի համար (ներառյալ, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո):
Այսպիսով, ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերի դիմաց որևէ գումարային փոխհատուցում աշխատողին չի տրամադրվում, սակայն աշխատողին տրամադրված ծննդաբերության արձակուրդի օրերին գումարվում են հղիության արձակուրդի չօգտագործված օրերի քանակին համապատասխան օրեր: Արդյունքում, անկախ ժամանակից շուտ ծննդաբերելու հանգամանքից, աշխատողն օգտվում է իրեն հատկացված հղիության և ծննդաբերության արձակուրդի բոլոր օրերից:
Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում: