Էկոնոմիկայի նախարարության նախկին աշխատակիցը խանութներում «խախտումներ» է հայտնաբերել և «տուգանքները» տնօրինել իր հայեցողությամբ

57-ամյա Արշակ Ներսիսյանը ամբաստանյալի աթոռին է հայտնվել երեք դրվագով հանցանքներ կատարելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, 2011 թվականից էկոնոմիկայի նախարարությունում աշխատել է որպես գլխավոր մասնագետ:

Նա Երևան քաղաքի Շիրազի 32/1 հասցեում գործող խանութում ստուգումներ իրականացնելու որևէ լիազորություն չունենալով հանդերձ 2011թ-ի գարնանն այցելել է նշված խանութ  և ստուգում իրականցնելով և արդյունքում իբրև 100000 ՀՀ դրամ տուգանքին համարժեք խախտումներ հայտնաբերելով, պահանջել է տեղում վճարել այն: Խանութի տերը վճարել է պահանջված գումարը, ինչն էլ Արշակ Ներսիսյանը հափշտակել է:

Ավելին, նա խանութպանի հետ եկել է համաձայնության, որ վերջինս իրեն տարեկան 40 հազար դրամ կվճարի, որպեսզի ինքն այլևս ստուգումներ չիրականանցի խանութում: Այդպիսիով, ստացել է ևս 120 հազար դրամ:

Ամբաստնյալը նույն նպատակով մեկ այլ խանութ էլ է այցելել 2012-ի գարնանը: Եվ որպեսզի Շիրազի 2ա հասցեում գործող խանութում ստուգումներ չիրականցի և խախտումներ չհայտնաբերի, դրդել է իրեն տարեկան 30 հազար դրամ վճարի: Այսպիսով նա ստացել է 60 հազար դրամ և հափշտակել այն:

Գործը քննվում է Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ: Դատաքննության ընթացքում ամբաստնյալի պաշտպանը միջնորդել է դատարանին` իր պաշտպանյալի հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնել: Դատարանը բավարարել է միջնորդությունը` տուժողների և ամբաստանյալի հաշտվելու պատճառաբանությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել