Ներկայանալ թ՞ե ոչ հարցաքննության. իրավաբան

Եթե Ձեզ եկել է պատշաճ ձևով ձևակերպված ծանուցում ներկայանալու վարույթն իրականացնող մարմնին, ապա խորհուրդ է տրվում ներկայանալ, հնարավոր բացասական հետևանքներից խուսափելու նպատակով։

Այսպես, նախ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 205–րդ հոդվածի համաձայն` վկան, տուժողը, կասկածյալը և մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանուցագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ուր և երբ (օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաև անհարգելի պատճառներով չներկայանալու հետևանքները:

Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որևէ մեկին, հարևաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը) կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:

Հարցաքննության կանչված անձը պարտավոր է քննիչին ներկայանալ նշանակված ժամկետում կամ նրան նախապես իրազեկել չներկայանալու պատճառները:

Իսկ այն դեպքում, եթե անհարգելի պատճառով չի ներկայացել հարցաքննության կանչված անձը, ապա նա կարող է բերման ենթարկվել Քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հիմքով, այսինքն` հարկադրաբար նա կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին իր հետ կապված դատավարական գործողությունների կատարումն ապահովելու նպատակով, իսկ կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել նաև Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական հարկադրանքի այլ միջոցներ, օրինակ` կալանավորում:

Վերը նշված պարբերությունում ներկայացված անբարենպաստ հետևանքները նկատի ունենինք, երբ նշում էինք, որ խորհուրդ է տրվում ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին։

ՀԵԻԱ իրավախորհրդատու՝ Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել