«Քաղաքացին 5 տարի անընդմեջ ԱՄՆ-ում բնակվելուց հետո երբ վերադարձել էր Հայաստան, պարզել էր, որ չի կարող ստանալ այդ 5 տարիների իր կենսաթոշակը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում պատմում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ) իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյանը:
Սակայն վերոհիշյալ օրինակը միակը չէ: Երկար ժամանակով արտերկրում բնակվող կենսաթոշակային տարիքի անձինք այս խնդրի առջև են կանգնում օրինական հիմքերով: Մասնավորապես, «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է աշխատանքային կամ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող կենսաթոշակառուին կամ նրա փոխարեն կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձին 5 տարի անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում։
«Այդ քաղաքացին արդարացիորեն վկայակոչում էր այն փաստը, որ ունի 48 տարվա աշխատանքային ստաժ, և յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում վճարվել է սոցիալական վճար, իսկ հիմա նրան զրկել են այդ տարիների կենսաթոշակը ստանալու իր վաստակած իրավունքից: Ցավալի է, որ, իրավամբ, չկարողացա օգնել նրան, մինչդեռ պահանջը ողջամիտ էր և արդարացի»,- նշում է իրավաբանը:
Խնդրի իրավական կարգավորումը
Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուն և վերականգնելուն առնչվող իրավակարգավորումները հստակեցվել են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով (ուժի մեջ է մտել 2012 թվականի մայիսի 5-ին):
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դիրքորոշմամբ` օրենսդրական դաշտում նման փոփոխությունները միտված են կենսաթոշակային համակարգի ֆինանսական կայունությանը, ապահովության քաղաքականության հասցեականությանն ու նպատակայնությունը բարձրացնելուն: Մասնավորապես, Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան` նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Ա. Գալստյանը պատասխանել է.
«Այս և նշված օրենքով սահմանված մյուս արմատական նոր իրավակարգավորումները նպատակ են հետապնդել բարձրացնել կենսաթոշակային ապահովության քաղաքականության հասցեականությունն ու նպատակայնությունը, ինչպես նաև ապահովել ֆինանսական հոսքերի կանխատեսելիությունը, ինչը համակարգի ֆինանսական կայունության կարևոր նախապայմաններից է»:
2012 թվականին կատարված այս փոփոխությունը, սակայն, պատճառ է դարձել կենսաթոշակառուների բողոքի մեծ ալիքի: Հանրապետությունից երկարատև ժամանակով բացակայելու հետևանքով չստացած կեսնաթոշակները ստանալու և կենսաթոշակի իրավունքից մշտապես զրկվելու մասին բազմաթիվ բողոքներ է ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը. այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Խնդրի վերաբերյալ փաստաբան Վահե Աստվածատրյանը մատնանշում է մի կարևոր հանգամանք. Հայաստանը Կենսաթոշակային ապահովության բնագավառում «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի մասնակից պետություն է:
Հիշյալ համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն՝ մասնակից պետությունների քաղաքացիների կենսաթոշակի նշանակումը կատարվում է ըստ բնակության վայրի: Նույն համաձայնագրի 7-րդ հոդվածով էլ սահմանվում է, որ համաձայնագրի մասնակից պետությունների սահմաններում կենսաթոշակառուի տեղափոխման դեպքում թոշակի վճարումը նախկին բնակության վայրում դադարեցվում է, եթե նույնատիպ թոշակ նախատեսված է նոր բնակության վայրի պետության օրենսդրությամբ.
«Կենսաթոշակի չափը վերանայվում է Համաձայնագրի մասնակից պետության օրենսդրության համաձայն՝ պահպանելով Համաձայնագրի 6-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված պայմանները: Օրինակ՝ եթե Հայաստանում կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձը Հայաստանից մեկնել է ԱՊՀ երկրներից որևէ մեկը՝ մշտական բնակության նպատակով, և այնտեղ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ է ստանում, ապա, վերոհիշյալ համաձայնագրի համաձայն, վերջինս այլևս Հայաստանից թոշակ չի կարող ստանալ, քանի որ ՀՀ-ն այդ դեպքում կհամարվի անձի նախկին բնակության վայրի երկիր և, հետևաբար, անձի թոշակ ստանալու իրավունքը ՀՀ-ում կդադարեցվի»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է փաստաբան Վ. Աստվածատրյանը:
Ի՞նչ հանգուցալուծում է ստանում խնդիրը 1974 թվականից հետո ծնվածների համար
Իրավաբան Առնոլդ Վարդանյանը խնդրի առնչությամբ բարձրացնում է նաև մեկ այլ վիճահարույց հարց. 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների աշխատավարձից կուտակային ֆոնդ է փոխանցվում որոշակի գումար, արդյո՞ք ստացվում է այնպես, որ քաղաքացին 5 տարի անընդմեջ երկրից բացակայելու դեպքում, զրկվում է այդ գումարը ստանալու իրավունքից:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վկայակոչված դրույթը գործում և կիրառվում է ներկայումս կենսաթոշակի իրավունք ունեցող, այսինքն՝ կենսաթոշակային համապատասխան տարիքի հասած քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանակին վճարել են ապահովագրական կամ սոցիալական վճարներ:
Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան նշվում է, որ պետք չէ մոռանալ, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչում կենսաթոշակների բաշխողական կամ սերունդների համերաշխության համակարգից պարտադիր անցումն է անհատական կամ «ինքնաֆինանսավորվող» կուտակային համակարգին: Այսինքն՝ հետագայում այս համակարգի մասնակիցը կենսաթոշակային տարիքի հասնելիս պետք է ստանա իր կուտակած գումարները որպես կենսաթոշակ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էլ լրացնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` 1974 թվականից հետո ծնված կուտակային բաղադրիչի մասնակցի համար սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են աշխատավարձը, ձեռնարկատիրական եկամուտը, որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները:
Եթե մասնակիցը որոշակի ժամանակով բացակայում է Հայաստանի Հանրապետությունից կամ նույնիսկ գտնվելով Հայաստանի Հանրապետությունում` չի ստանում վերը նշված եկամուտներից գոնե մեկը, նա չի ունենա սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ հանդիսացող եկամուտ, ուստի չի վճարի սոցիալական վճար: Հետագայում կուտակային կենսաթոշակ կվճարվի ոչ թե ըստ սոցիալական վճարներ կատարելու տարիների, այլ մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցների:
Այսինքն` 1974 թվականից հետո ծնված անձանց իրավունքների վրա վերոհիշյալ խնդրահարույց նորմերը չեն տարածվում:
Հարցի լուծումը
Խնդրի լուծման տարբերակ առաջարկում է իրավաբան Առնոլդ Վարդանյանը. անհրաժեշտ է կենսաթոշակը սահմանադրորեն ամրագրված աշխատանքային, սոցիալական, այդ թվում անձի սեփականության իրավունքների երաշխիքների հանրույթում դիտարկել որպես քաղաքացու աշխատանքի անբաժանելի մաս. «Քաղաքացուն այս իրավունքից զրկելն անթույլատրելի է` անկախ այն հանգամանքից, թե որքան է վերջինս բացակայել ՀՀ–ից, նույնիսկ եթե մի պահ մոռանանք իրավագիտության մասին, ապա մի բարոյական դիտանկյունից ևս դա արդարացի չէ»,- նշում է Ա. Վարդանյանը:
ՄԻՊ գրասենյակից էլ նշում են, որ օրենսդիրը կարող է օրենսդրական փոփոխությունների արդյունքում ներդնել կենսաթոշակային նոր համակարգ: Իսկ նման փոփոխությունների միջոցով չեն կարող անձին զրկել այն կենսաթոշակներից, որոնք ստանալու իրավունքը նա ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա.
«Եթե օրենքն արդեն սահմանել է կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակի չափը և վճարման պայմանները, պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ օրինական ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացում»,- նշված է ՄԻՊ գրասենյակից ստացված պատասխանում:
Մինչդեռ փաստաբան Վահե Աստվածատրյանը, անդրադառնալով օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությանը, հիշատակում է Սահմանադրության 6-րդ հոդվածը, որի համաձայն՝ եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը.
«Հետևաբար, եթե մենք փոխենք օրենքը, և այն հակասի, օրինակ ՝«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրին, միևնույն է, գործելու են միջազգային պայմանագրի նորմերը, որոնք նույնպես Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են (ՀՀ Սահմանադրություն 6-րդ հոդված)»:
Փաստաբանը խորհուրդ է տալիս կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց իրացնել այդ իրավունքը և եթե պատրաստվում են մեկնել երկրից, ապա լիազորեն իրենց մտերիմներից որևէ մեկին իրենց փոխարեն ստանալ իրենց թոշակը, քանի որ օրենսդիրը նախատեսում է կենսաթոշակը լիազորված անձի միջոցով 12 ամիս անընդմեջ ստանալու իրավունք.
«Իսկ ինչ վերաբերում է 5 և ավելի տարով Հայաստանից մեկնած և այդ ողջ ժամանակահատվածում ՀՀ չվերադարձած անձանց թոշակ ստանալու իրավունքի սահմանափակմանը, ապա այս դեպքում , որպես ՀՀ քաղաքացի, խորհուրդ կտամ այդ անձանց գոնե տարին մեկ անգամ այցելել Հայաստան, իսկ որպես իրավաբան՝ խորհուրդ կտամ տարին մեկ Հայաստան այցելելու հետ մեկտեղ, եթե դեռևս ունեն թոշակ ստանալու իրավունք, լիազորել իրենց մտերիմներից որևէ մեկին իրենց փոխարեն ստանալ թոշակը»:
Փաստաբանը նաև հավելում է, որ եթե անձի կողմից, իրենից անկախ հանգամանքներով պայմանավորված, որոշակի ժամանակաշրջանում զրկվել է իր կենսաթոշակի իրավունքը իրացնելուց, անձը կարող է դիմել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարություն, հիմնավորել այն հարգելի հանգամանքները, որոնց պայմաններում ինքը զրկված է եղել իր իրավունքը իրացնելուց և խնդրել վերականգնել իր չստացված թոշակը, մերժվելու դեպքում կարող է այդ մերժման որոշումը բողոքարկել դատական կարգով:
Զառա Մանուչարյան