«Կամազ»-ը բախվել էր «Գազել»-ին. 7 անձ մահացել էր

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ այսօր սկսվեց դեռևս 2014թ. նոյեմբերի 10-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհի 108-րդ կմ հատվածում «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմոբիլի ու «Գազ» մակնիշի 0811 Լ հաշվառման համարանիշի ավտոմեքենային բախվելու գործը, որի արդյունքում Գազել մակնիշի ավտոբուսի 7 ուղևորներ՝ վարորդ Ռազմիկ Մկրտչյան, ուղևորներ՝ Մարինե Նազարյանը, Արամայիս Թումանյանը, Վանիկ Սարգսյանը, Հաբեթ Սեդրակյանը Դավիթ Հարությունյանը և Աղասու Սեդրակյանը մահացել են: «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մանվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-ր մասի հատկանիշներով:

Նշանակված նախորդ 2 դատական նիստերը հետաձգվել են տուժողներից, ու տուժողի իրավահաջորդներից ոմանց բացակայության պատճառաբանությամբ:

Այսօրվա նշանակված դատական նիստին դատավարության մասնակիցներին պարզաբանվեցին քրեական դատավարական նորմերով սահմանված իրավունքներն ու պարտականությունները, դատավորին, նիստին քարտուղարին, մեղադրող, պաշտպանական կողմերին ինքնաբացարկ հայտնելու կարգը:

Մինչև գործով դատական նիստը ամբաստանյալ Մ. Վարդանյանի պաշտպան, փաստաբան Լիանա Բալյանը ներկայացրել էր երկու միջնորդություններ՝ գործում առկա որոշ ապացույցներ անօրինական ճանաչելու, ինչպես նաև համալիր փորձաքննություն նշանակելու մասին: Սակայն ներկայացված միջնորդությունների քննարկումը հետաձգվեց: Նախորդ դատական նիստի ընթացքում ամբաստանյալը ներկայացրել էր միջնորդություն արագացված կարգով գործի քննություն կատարելու համար:

Միջնորդության դեմ առարկեցին տուժողներից մի քանիսը՝ միջնորդելով խստագույն պատիժ, իսկ մեղադրող՝ Ա. Ավետիսյանը կողմը պատճառաբանեց, որ նման հոդվածի առկայության, ինչպես նաև 7 զոհերի ու նրանց իրավահաջորդների շահերից չի բխում արագացված կարգի կիրառումը, ինչպես նաև կբացառվի պատժի նպատակի կիրառումը: Դատարանը հաշվի առնելով կողմերի կարծիքը և տուժողների իրավունքները՝ մերժեց ներկայացված միջնորդությունը:

Անմիջապես դրանից հետո, պաշտպան Լ. Բալյանը դատարանին ներկայացրեց ինքնաբացարկի միջնորդություն ընդդեմ մեղադրող Ա. Ավետիսյանի, պատճառաբանությամբ, որ վերջինս որպես վերահսկող դատախազ մերժել է պաշտպանի կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները, իսկ վերջին միջնորդությունը ընդհանրապես չի քննարկել:

Ներկայացված միջնորդությունից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ու հայտարարեց ընդմիջում մեկ ժամ:

Ընդմիջման ընթացքում դատարանի միջանցքում տուժողները վեճի բռնվեցին պաշտպան Լ. Բալյանի հետ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել