Համատեղ ապրող ամուսիններն ամուսնալուծությունը գրանցում են իրենց բնակավայրի ՔԿԱԳ տարածքային մարմնում:
Առանձին ապրող ամուսինների ամուսնալուծությունը գրանցվում է նրանցից որևէ մեկի բնակության վայրի ՔԿԱԳ մարմնում: Ամուսնալուծության գրանցումը ՔԿԱԳ մարմնի կողմից կատարվում է ամուսինների համատեղ դիմումի հիման վրա:Եթե ամուսիններից մեկը հնարավորություն չունի անձամբ ներկայանալու ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծության մասին համատեղ դիմում տալու համար, ապա ամուսինների կամքի արտահայտությունը կարող է ձևակերպվել ամուսնալուծության մասին առանձին հայտարարություններով: Նման հայտարարություն տվող ամուսնու ստորագրությունը պետք է վավերացված լինի օրենքով սահմանված կարգով:
Ամուսնալուծության մասին դիմումում պետք է նշվեն ամուսնության ակտի գրառման տվյալները, ամուսնալուծվել ցանկացող ամուսնու անձը հաստատող փաստաթղթի տվյալները և օրենքով նախատեսված այլ տեղեկություններ: Դիմումի հետ միասին պետք է ներկայացվի նաև ամուսնության վկայականը: Եթե ամուսինները ՔԿԱԳ մարմին ամուսնության վկայական չեն ներկայացնում կորստյան պատճառով, ապա նրանցից նոր վկայական պահանջվում է միայն այն դեպքերում, երբ ամուսնության գրանցումը կատարված է այլ ՔԿԱԳ մարմնում։
Ամուսիններն իրավունք ունեն մինչև ամուսնալուծության գրանցումը ցանկացած պահի հրաժարվել ամուսնալուծության մասին իրենց դիմումից:
Ամուսնալուծության գրանցումը և ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին ամուսինների դիմում տալու օրվանից մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ, երկու ամուսինների ներկայությամբ կամ ամուսիններից մեկի պարտադիր ներկայությամբ և մյուսի` սահմանված կարգով վավերացված համաձայնությամբ:
Ամուսինների կողմից ամուսնալուծության վերաբերյալ դիմումները առանձին հայտարարություններով ձևակերպելու դեպքում սույն կետով նախատեսված մեկամսյա ժամկետի հաշվարկը սկսվում է ՔԿԱԳ մարմին ամուսնալուծության մասին երկրորդ հայտարարությունը տալու օրվանից և լրանում է հաջորդ ամսվա համապատասխան օրը, իսկ եթե այդ ամիսը չունի համապատասխան օր, ապա ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը: Եթե ժամկետը լրանալու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետը լրանալու օրը համարվում է դրան հաջորդող աշխատանքային օրը:
Եթե ամուսինները չեն կարող ներկայանալ ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծությունը գրանցելու սահմանված օրը, իրենց խնդրանքով գրանցման ժամկետը փոխվում է: Նշված ժամկետում ամուսնալուծությունը չգրանցելու դեպքում ամուսնալուծվողները կարող են նորից ամուսնալուծության մասին դիմում տալ ՔԿԱԳ մարմին, որի դեպքում ամուսնալուծության գրանցման համար նորից նշանակվում է մեկամսյա ժամկետ: