Կարո՞ղ է ԱԺ պատգամավորը զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

ԱԺ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առևտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից: Պատգամավոր ընտրվելուց հետո, վերջինս կարող է դուրս գալ առևտրային կազմակերպությունից կամ դրա կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման՝ կնքելով հավատարմագրային կառավարման պայմանագիր: Այս դեպքում պատգամավորի փոխարեն հավատարմագրային կառավարիչը իրականացնի ձեռնարկատիրական գործունեություն իր գույքով:

Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրով մեկ կողմը (կառավարման հիմնադիրը) որոշակի ժամկետով գույք է հանձնում մյուս կողմի (հավատարմագրային կառավարչի) հավատարմագրային կառավարմանը, իսկ մյուս կողմը պարտավորվում է այդ գույքի կառավարումն իրականացնել ի շահ կառավարման հիմնադրի կամ նրա նշած անձի (շահառուի):

Գույքը հավատարմագրային կառավարման հանձնելը չի հանգեցնում հավատարմագրային կառավարչին դրա նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման:

Հավատարմագրային կառավարիչն իրավունք ունի գույքի հավատարմագրային կառավարում իրականացնելիս այդ գույքի նկատմամբ, հավատարմագրային կառավարման պայմանագրին համապատասխան և ի շահ շահառուի, կատարել ցանկացած իրավաբանական ու փաստացի գործողություններ:

Գույքի հավատարմագրային կառավարմանն ուղղված առանձին գործողությունների նկատմամբ օրենքով կամ պայմանագրով կարող են նախատեսվել սահմանափակումներ:

Հավատարմագրային կառավարիչը հավատարմագրային կառավարման հանձնված գույքի հետ կապված գործարքները կնքում է իր անունից` նշելով, որ ինքը գործում է որպես նման գույքի կառավարիչ: Այդ պայմանը համարվում է պահպանված, եթե գրավոր ձևակերպում չպահանջող գործողությունները կատարելիս հավատարմագրային կառավարիչը մյուս կողմին տեղեկացրել է որպես հավատարմագրային կառավարիչ` դրանք կատարելու մասին, իսկ գրավոր փաստաթղթերում հավատարմագրային կառավարչի անունից կամ անվանումից հետո արվել է «Հ. Կ.» նշումը:

Հավատարմագրային կառավարչի գործողությունների մասին ցուցումի բացակայության դեպքում նա երրորդ անձանց հանդեպ պարտավորվում է անձամբ և նրանց առջև պատասխանատվություն է կրում միայն իրեն պատկանող գույքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել