Աղբահանության վճարի վճարումը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը, իսկ oրենքով նախատեսված դեպքում աղբահանության վճար հաշվարկողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 180 օրվա համար:
«Աղբահանության եվ սանիտարական մաքրման մասին» օրենքով նախատեսված տույժերը հաշվարկվում և հաշվառվում (գանձվում) են աղբահանության վճարի վճարման ժամկետին հաջորդող ամսվա 1-ից:
Օպերատորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` համայնքի բյուջե վճարելով տուգանք` չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աղբահանության յուրաքանչյուր դեպքի համար` հիսուն հազար դրամի չափով, եթե օպերատորի և համայնքի միջև կնքված պայմանագրով ավելի մեծ տուգանք սահմանված չէ:
Տուգանքի վճարումն օպերատորին չի ազատում չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորության կատարումից: Օպերատորի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը կամ նրա լիազորած անձը (մարմինը):
Տվյալ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված անձինք համայնքի ղեկավարի որոշմամբ կարող են զրկվել աղբի հավաքման և փոխադրման թույլտվությունից սույն օրենքով նախատեսված` աղբի հավաքմանը կամ փոխադրմանը ներկայացվող պահանջները մեկ տարվա ընթացքում երկու և ավելի անգամ խախտելու դեպքում: