Գիտական և գիտատեխնիկական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է բյուջետային ֆինանսավորումը: Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար, պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ: Այդ միջոցներն ուղղվում են բարձրորակ գիտական կադրերի պատրաստմանն ու որակավորման բարձրացմանը, ինչպես նաև գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, նոր տեխնոլոգիաների մշակմանն ու սարքավորումների ձեռքբերմանը:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման աղբյուրներն են`
- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն.
- պայմանագրերից գոյացած միջոցները.
- հիմնադրամները, ներառյալ` արտասահմանյան ու միջազգային կազմակերպությունների հատկացումները, քաղաքացիների ներդրումները և այլն.
- դրամաշնորհները.
- վարկերը.
- գիտական, հրատարակչական, խորհրդատվական և օրենքով չարգելված այլ գործունեությունից գոյացած միջոցները.
- գիտական արդյունքների ներդրումից և իրացումից գոյացած միջոցները:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է հետևյալ ձևերով.
ա) բազային ֆինանսավորում, որը հատկացվում է գիտական պետական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնողգիտական օբյեկտների պահպանման ու գիտական կադրերի պատրաստման նպատակներով.
բ) նպատակային-ծրագրային ֆինանսավորում, որն իրականացվում է մրցութային հիմունքներով և ուղղված է գիտության ու տեխնիկայի առաջնային ուղղություններին համապատասխանող գիտատեխնիկական պետական ծրագրերի կատարմանը.
գ) պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում, որն ուղղված է գիտնականների և հետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված հետազոտական նախագծերի իրականացմանը:
Պետական բյուջեից նշված երեք ձևով ֆինանսավորման ծավալների միջև համամասնությունները որոշվում են պետական բյուջեի մասին օրենքով: