Վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան) ձևավորվել և գործում է 2008 թվականի հունվարի մեկից։ Դատարանը քննում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճեր, այսինքն վեճեր, որոնց մի կողմում վարչական լիազորություններով օժտված մարմին է, մյուս կողմում՝ մասնավոր իրավունքի սուբյեկտ։
Դատարանին կարելի է դիմել հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերով, այդ թվում՝
- հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը.
- վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
- հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում՝ արհեստակցական միությունների, գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը.
- վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից։
Վարչական դատարան չեն կարող դիմել ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերով, քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերով, ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերով, սնանկության վարույթում ծագող իրավահարաբերություններից բխող գործերով։
Դատարանին կարելի է դիմել՝ փաստաթղթերը դատարանի գրասենյակ հանձնելով կամ դրանք փոստի միջոցով առաքելով։