ՀՀ Ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։
Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։ Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաև իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր։
Ամուսնական պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները կարող են սահմանափակվել որոշակի ժամկետով կամ կախման մեջ դրվել որոշակի պայմանների վրա հասնելուց կամ հակառակը։
Ամուսնական պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջև անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին։