Մեր օրերում գովազդը իրոք որ մեծ տեղ է գրավում հասարակության կարծիքի ձևավորման համար: Սակայն բազմաթիվ են այն գովազդները, որոնք չեն համապատասխանում գովազդի համար սահմանված պարտադիր պահանջներին: Գովազդի մասին ՀՀ օրենքը սահմանում է, որ գովազդը պետք է լինի օրինական, հավաստի և պատշաճ: Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է: Անհրաժեշտության դեպքում, որպես լրացում, գովազդատուի հայեցողությամբ գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել նաև այլ լեզուներով` համեմատաբար փոքր տառերով: Արգելվում և հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է օգտագործելով օրինակ քաղաքացիների վստահությունը, փորձի կամ գիտելիքների պակասը, այն սպառողների վարկաբեկման ճանապարհը, ովքեր չեն օգտվում գովազդվող ապրանքներից, նախապաշարումները և սնահավատությունը, քաղաքացիներին բռնության, հարձակողականության, խուճապի, ինչպես նաև բարոյականության համընդհանուր նորմերի խախտման դրդող կոչերը, շրջակա միջավայրի դեմ ուղղված կոչերը և փաստարկումները, սպառողի կյանքին, առողջությանը կամ անվտանգությանը սպառնացող գործողությունների դրդող կոչերը և փաստարկումները, նախագծի, տեքստի, գովազդային բանաձևերի, պատկերների, երաժշտական և ձայնային էֆեկտների և այլ միջոցներով սպառողների մոլորեցումը:
Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի հավաստիությունը և որը վերաբերում է ապրանքի հատկանիշներին, բնույթին, կազմին, պատրաստման ժամանակին, նշանակությանը, սպառողական հատկություններին, կիրառման պայմաններին, համապատասխանությանը ստանդարտին, քանակին, ծագման երկրին, գովազդի հրապարակման պահին ապրանքի արժեքին և գնին, երաշխիքային պարտավորություններին, այլ ապրանքների, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց իրավունքների և դիրքի հետ համեմատություններին:
Արգելվում է այն գովազդը, որում խախտվում է գովազդի պատշաճությունը, այն է` վարկաբեկում է բարոյականության համընդհանուր և ազգային նորմերը, պարունակում է ռասային, ազգությանը, մասնագիտությանը կամ սոցիալական ծագմանը, տարիքային խմբին կամ սեռին, լեզվին, կրոնական և այլ համոզմունքներին վերաբերող վիրավորական արտահայտություններ, համեմատություններ և պատկերներ, ուղղակի կամ անուղղակի ձևով արատավորում կամ անհարգալից վերաբերմունք է արտահայտում պետական խորհրդանիշների (զինանշանի, դրոշի, օրհներգի, դրամանիշի և այլն) նկատմամբ, վարկաբեկում է իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև արտադրական, առևտրային կամ այլ գործունեությունը, մասնագիտությունը, ապրանքատեսակը և այլն: