Ինչպե՞ս դուրս գալ համատիրության կազմից

Համատիրությանը կարող է անդամակցել տվյալ համատիրության մեջ ընդգրկված բազմաբնակարան շենքի (շենքերի), շինության ցանկացած սեփականատեր: Իսկ Համատիրության անդամի անդամությունը դադարում է միայն օրենքով նախատեսված դեպքերում: Այսպես Համատիրության մասին ՀՀ օրենքը սահմանում է հետևյալ դադարման հիմքերը.

ա) քաղաքացու դիմումի համաձայն.
բ) համատիրության անդամ ֆիզիկական անձի մահվամբ կամ իրավաբանական անձի լուծարմամբ.
գ) եթե դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա համատիրության անդամ ֆիզիկական անձը ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
դ) համատիրության անդամի` համապատասխան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարմամբ:

Համատիրության անդամությունից դուրս գալու համար շինության սեփականատերը նախագահին կամ կառավարչին տալիս է գրավոր դիմում:

Նախագահը, համատիրության անդամությունից դուրս գալու մասին դիմումն ստանալու, ինչպես նաև համատիրության անդամի` ֆիզիկական անձի մահվան կամ նրան անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մահացած ճանաչելու կամ համատիրության անդամ` իրավաբանական անձի լուծարման կամ համատիրության անդամի կողմից համապատասխան շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին տեղեկատվությունն ստանալու հաջորդ օրվա ընթացքում, անդամի անդամակցության մասին գրանցում է կատարում համատիրության անդամակցության գրանցամատյանում:

Համատիրության անդամությունից դուրս գալու մասին դիմում տված անձի անդամությունը դադարում է համատիրության անդամակցության գրանցամատյանում գրառում իրականացնելու պահից:

Անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մահացած ճանաչված ֆիզիկական անձի անդամությունը դադարած է համարվում այդ մասին դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու օրվանից: Շենքում շինության նկատմամբ սեփականության իրավունքը կորցրած անձի անդամությունը դադարեցված է համարվում սեփականության իրավունքը դադարելու հաջորդ օրվանից: Համատիրության անդամությունից դուրս եկած, ինչպես նաև շինության նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու, անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու պատճառով համատիրության անդամությունը դադարած անձը համատիրության պարտավորությունների համար կրում է պատասխանատվություն` իր կողմից համատիրության կանոնադրությամբ նախատեսված վճարի չմուծված չափի սահմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել