Աճուրդները և մրցույթները կարող են լինել բաց և փակ: Բաց աճուրդին և բաց մրցույթին կարող է մասնակցել ցանկացած անձ: Փակ աճուրդին և փակ մրցույթին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք:
Սակարկություններն անցկացնելու մասին ծանուցումը պետք է արվի կազմակերպչի կողմից` սակարկություններ անցկացնելուց առնվազն 30 (երեսուն օր) առաջ:
Ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի սակարկությունների ժամանակի, տեղի և ձևի, դրանց առարկայի ու անցկացման կարգի, այդ թվում` սակարկություններում մասնակցության ձևակերպման, սակարկություններում հաղթած անձանց որոշման, ինչպես նաև մեկնարկային գնի մասին:
Բաց սակարկությունների կազմակերպիչն իրավունք ունի հրաժարվել աճուրդ անցկացնելուց, սակայն ոչ ուշ, քան աճուրդի անցկացման օրվանից երեք օր առաջ, իսկ մրցույթն անցկացնելուց` ոչ ուշ, քան այն անցկացնելուց երեսուն օր առաջ:
Փակ աճուրդի կամ փակ մրցույթի կազմակերպիչը պարտավոր է հատուցել իր հրավիրած մասնակիցների կրած իրական վնասը, անկախ այն բանից, թե ծանուցումն ուղարկելուց հետո ինչ ժամկետում է հրաժարվել սակարկություններից:
Սակարկություններում հաղթած անձը և սակարկությունների կազմակերպիչն աճուրդ կամ մրցույթ անցկացնելու օրն ստորագրում են սակարկությունների արդյունքների մասին արձանագրություն, որն ունի պայմանագրի ուժ:
Սակարկություններում հաղթած անձն արձանագրությունն ստորագրելուց խուսափելու դեպքում կորցնում է մուծած նախավճարը:
Արձանագրությունն ստորագրելուց հրաժարվող սակարկությունների կազմակերպիչը պարտավոր է նախավճարը վերադարձնել կրկնակի չափով, ինչպես նաև սակարկություններում հաղթած անձին հատուցել սակարկություններին մասնակցելու հետևանքով կրած վնասները: