ՀՀ Քրեական օրենսգրքով պատիժ է նախատեեսված կեղծ ձեռնարկատիրության այսինքն՝ առանց ձեռնարկատիրական կամ բանկային գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություն ստեղծելը, որի նպատակը վարկեր ստանալը, հարկերից խուսափելը, գերավճարներ առաջացնելը, նյութական այլ օգուտներ քաղելը կամ արգելված այնպիսի գործունեություն թաքցնելն է, որը խոշոր վնաս է պատճառել քաղաքացիներին, կազմակերպություններին կամ պետությանը՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր տրամադրելը, ծախսերի կամ եկամուտների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելը և ներկայացնելը, որը խոշոր վնաս է պատճառել`պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:
Տվյալ հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որի հետևանքով առանձնապես խոշոր վնաս է պատճառվել`պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
Ըստ այս հոդվածի առաջին մասի խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Իսկ հոդվածի երկրորդ մասում խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Երրորդ մասում առանձնապես խոշոր վնաս է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):
Տվյալ արարքը կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը և հաշվարկված տույժերն ու տուգանքները: