Հայաստանի Հանրապետության օրենսգրքերում ներկայումս բացակայում է պահեստային դատավորի մեխանիզմը, որը ոչ հեռավոր ապագայում կդառնա իրականություն։
Այսպես, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվակսնի մարտի 10-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետության նոր քրեական դատավարության օրենսգրքի հայեցակարգի հիման վրա մշակված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի (այսուհետ` ՔԴՕ) նախագծում այս մեխանիզմը ներդրվել է։ Նախագծի ընդունման դեպքում ՀՀ դատարաններում կսկսի գործել պահեստային դատավորի մեխանիզմը։
ՔԴՕ նախագծի 32–րդ հոդվածի համաձայն` եթե դատարանում մեղադրանքի քննությունը բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատական քննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Դատարանի նախագահը կարող է պահեստային դատավոր չնշանակել, եթե գտնում է, որ տվյալ վարույթով դրա անհրաժեշտությունը բացակայում է:
Միևնույն ժամանակ սահմանված է, որ նույն վարույթի համար կարող է նշանակվել միայն մեկ պահեստային դատավոր:
Արդյունքում` մեղադրանքը քննող դատավորի բացարկի, ինքնաբացարկի, դատավորի լիազորությունների դադարեցման կամ վարույթին նրա մասնակցությունը բացառող այլ հիմքերի առկայության դեպքում պահեստային դատավորը փոխարինում է նրան` շարունակելով վարույթը:
Այսինքն, ստացվում է, որ պահեստային դատավորի մեխանիզմը նպատակաուղղված է քրեական վարույթի անընդհատությունն ապահովելուն։ Լինում են դեպքեր, երբ դատարանը ամիսներ շարունակ քննում է ծանր կամ առանձնապես ծանր այնպիսի բազմահատոր քրեական գործեր, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է հարցաքննել մի քանի տասնյակ վկաների, և որպեսզի ամբողջ քրեական գործի քննությունը չսկսվի նորից, պահեստային դատավորը գտնվելով դատական նիստերի դահլիճում` յուրաքանչյուր պահի կարող է փոխարինել գործը քննող դատավորին, վերջինիս ինքնաբացարկի, բացարկի կամ լիազորությունների կատարման անհրարինության այլ դեպքերում։
Այսպիսի մեխանիզմը նպատակաուղղված է դատարանների ռեսուրսների, ժամանակի խնայողությունն ապահովելուն, ինչպես նաև բարձրացնելու գործերի քննության արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ քրեական գործերով պահեստային դատավորի նշանակումը իրականացվում է բացառապես դատարանի նախագահի հայեցողությամբ։
ՀԵԻԱ իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյան