Կրիմինոլոգիան ըստ էության չի հանդիսանում իրավաբանական գիտություն։ Այն դիտարկվում է որպես հոգեբանական գիտություն, որն ուսումնասիրում է հանցավորության առաջացման պատճառները և փնտրում դրանց հաղթահարման ուղիները։ Հանցավորությունն ուսումնասիրելիս այն հանդես է գալիս որպես հանցավորության սոցոլոգիա, միևնույն ժամանակ գտնվելով անքակտելի կապի մեջ իրավաբանական գիտությունների հետ։
Յուրաքանչյուր երկրում հանցավորության բարձր մակարդակը պայմանավորված է այն հանգամանքնով, որ տվյալ երկրի օրենսդրությունը հաշվի չի առնում «Կրիմինոլոգիա» գիտության նվաճումները։ Յուրաքանչյուր պետության, այդ թվում Հայաստանի Հանրապետության, իրավական օրենսդրության քրեաիրավական սպեկտրը` քրեական իրավունքը, քրեական դատավարությունը, քրեակատարողական իրավունքը, պետք է հիմնված լինեն կրիմինոլոգիական հետազոտությունների և դրանց արդյունքում ստացած տվյալների վրա։
Կրիմինոլոգիան ուսումնասիրում է հանցավորության կառուցվածքը, հանցավորությունը ծնող պատճառները, հանցավորության լատենտայնության մակարդակը, հանցավորության որակական և քանակական ցուցանիշները, հանցանք կատարած անձի անհատական հատկանիշները, մոտիվացիայի պատճառները։
Կրիմինոլոգիան առաջարկում է նաև հանցավորության կանխման 2 տեսակ` ընդհանուր սոցիալական և հատուկ կրիմինոլոգիական։
Ընդհանուր սոցիալականը անմիջականորեն ուղղված չէ հանցավորության կանխմանը։ Այն կազմում է պետության կողմից հանցավորության դեմ պայքարում իրականացվող քաղաքականության անքակտելի մասը։ Սոցիալական տեսակի դեպքում հանցավորության կանխման նպատակը հետապնդվում է հասարակության և պետության կողմից իրականացվող սոցիալական, տնտեսական, մշակութային միջոցառումների համակարգի շրջանակներում։
Հատուկ կրիմինոլոգիական կանխումը իրենից ենթադրում է այնպիսի միջոցառումների ձեռնարկում, որոնք անմիջականորեն միտված են հանցավորության կանխմանը։ Այդպիսիք են իրավապահ մարմինները, որոնք գործունեությունը միտված է կոնկրետ անձանց նկատմամբ, կոնկրետ հասցեով, կոնկրետ միջոցներով իրականացվող հանցավորության դեմ պայքարում։
Կրիմինոլոգիան կարևորում է հանցավորության դեմ իրականացվող պայքարում ընտանիքի դերը` որպես հանցագործի անձի ձևավորման նախապայման։ Քանզի անձի սոցիալիզացիայի ընթացքում են ձևավորվում կամ որոշակի դրսևորում ստանում այն հոգեբանական երևույթները, որոնք հետագայում կանխորոշում են անձի վարքագիծը։ Ընդ որում սոցիալիզացիան ինչպես կարող է ավելի խորացնել անձի կենսաբանորեն պայմանավորված հոգեբանական երևույթների ազդեցությունը, այնպես էլ ձևավորել նոր հոգեբանական երևույթներ, որոնք կարող են նպաստել անձի հանցածին վարքագծի ձևավորմանը։
ՀԵԻԱ իրավախորհրդատու Առնոլդ Վարդանյան