ՀՀ Սահմանադրության 8–րդ հոդվածի 1–ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը։
ՀՀ Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքների» բաժնում ամրագրված այդ դրույթը ելակետային նշանակություն ունի տնտեսական հարաբերությունների սահմանադրաիրավական կարգավորման համար։ Այս դրույթը ընկած է տնտեսական հարաբերությունների կանոնակարգման հիմքում։
Հասարակության տնտեսական հարաբերությունների հիմքը սեփականության ձևն է։ Սեփականության իրավունքը հանդես է գալիս յուրաքանչյուր տնտեսական ու քաղաքական համակարգի էության, անձի իրավական ազատությունների երաշխավորման հիմնական բնութագրիչ։ Սեփականությունը հանդես է գալիս մասնավոր և հանրային սեփականության ձևերում։
Հանրային սեփականության իրավունքի սուբյեկտներ կարող են լինել, օրինակ պետությունը` ամբողջապես, նրա ինքնավար սուբյեկտները, տեղական ինքնակառավարման մարմինները։
Մասնավոր սեփականության իրավունքի սուբյեկտ կարող է լինել ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ։
Հասարակական քաղաքակրթության զարգացման հոլովույթում սեփականության վերը նշված ձևերը կարող են նաև վերափոխվել` հանրայինից մասնավորի և հակառակը` մասնավորից հանրայինի։
2005 թվականի Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սահմանադրության 31–րդ հոդվածում ամրագրվեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը։ Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը։
Այսպիսի ձևակերպման արդյունքում հստակ ուրվագծվեցին Սահմանադրության մակարդակով տնտեսական իրավահարաբերությունների կարգավորման հիմքում ընկած ֆունդամենտալ հետևյալ սկզբունքները.
1. պետությունը հավասարապես ճանաչում է յուրաքանչյուրի սեփականության իրավունքը` առանց որևէ խտրականություն դնելու դրա ձևերի մեջ,
2. սեփականատերն օժտված է իրեն պատկանող սեփականությունը լիարժեք, ամբողջությամբ և ըստ իր հայեցողության տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքներով, որոնք կազմում են նրա սեփականության իրավունքի բովանդակությունը։
3. պետությունը սահմանադրական երաշխիքներ է ամրագրում սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման, շրջանառության ապահովման և արդյունքում տնտեսական գործունեության զարգացմանը լրացուցիչ խթաններ ստեղծելով։
4. պետությունը սահմանադրական մակարդակով ապահովում է տնտեսական հարաբերությունների կայունությունը սահմանելով` Սահմանադրության 8–րդ հոդվածի 2–րդ մասում` Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը։
ՀԵԻԱ իրավախորհրադտու Առնոլդ Վարդանյան