Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20–րդ հոդվածի 5–րդ մասի համաձայն` տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով։ Տուժողին պատճառված վնասի հատուցման իրավունքի ամրագրումը Սահմանադրությունում կարևոր առաջընթաց քայլ է, որովհետև տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը բարձրացվել է սահմանադրական մակարդակի։
ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի 1985 թվականի նոյեմբերի 29–ի 40/34 բանաձևով ընդունվել է «Հանցագործությունների և իշխանության չարաշահումների զոհերի համար արդարադատության հիմնական սկզբունքների հռչակագիրը», որում առաջին անգամ ՄԱԿ–ի կողմից տրվեց տուժողի հասկացությունը և սահմանեց նրանց շրջանակը և իրավունքները։
Հռչակագրում «տուժող» եզրույթի փոխարեն սահմանվում է որպես հանցագործության «զոհ», ով հանդիսանում է այն անձը կամ անձինք, ում հանցագործությամբ կամ իշխանության չարաշահմամբ պատճառվել է վնաս, ներառյալ մարմնական կամ բարոյական վնասը, հուզական ապրումները, նյութական վնասը կամ հիմնական իրավունքների խախտումները։ Հռչակագրի համաձայն «զոհ» հասկացության մեջ մտնում են` (1) հանցագործությունից անմիջականորեն տուժած անձը, (2) տուժողի մերձավոր ազգականը և խնամարկյալը, (3) անձինք, որոնց վնաս է հասցվել աղետի վիճակում գտնվող տուժողին օգնություն ցույց տալու ընթացքում կամ վիկտիմիզացիան կանխելիս։
«Զոհ» հասկացության մեկնաբանությունը ցույց է տալիս, որ այն համարժեք է ՀՀ քրեական դատավարությունում օգտագործվող «տուժող» հասկացությանը, բայց առավել ընդարձակ բովանդակությամբ։ ՀՀ Սահմանադրությունում «տուժող» հասկացությունը օգտագործվում է լայն իմաստով, դրա ներքո ընկալվում է քրեական, քրեադատավարական, քաղաքացիական, վարչական և այլ իրավահարաբերություններից տուժած ֆիզիկական կամ իրավաբանական անձինք։
Ըստ նույն հռչակագրի` հանցագործությունից կամ իշխանության չարաշահումից տուժածների համար անհրաժեշտ է ապահովել`
1. արդարադատության մատչելիության և արդարացի վերաբերմունք, որը նշանակում է` ա) զոհերին տեղեկությունների տրամադրում դատական քննության ժամկետների և ընթացքի, նրանց գործերի քննության արդյունքների մասին, բ) դատական քննության փուլերում` զոհերի կարծիքների ու ցանկությունների ներկայացման և քննարկման ապահովում ազգային քրեական արդարադատությանը համապատասխան այն դեպքում, երբ շոշափում են նրանց անձնական շահերը, գ) դատական քննության ողջ ընթացքում զոհերին ցույց տալ պատշաճ օգնություն, դ) զոհերի համար անհարմարությունները նվազագույնի հասցնելուն ուղղված միջոցների ձեռնարկում, ե) գործի քննության ժամկետների չարդարացված ձգձգումների կանխում և զոհերին հասցված վնասի հատուցման վերաբերյալ որոշման կայացում։
2. ինչպես հանցագործություն կատարածի, այնպես էլ պետության կողմից վնասի փոխհատուցում, երբ կատարվել է արարք, որն հանգեցրել է վիկտիմիզացման,
3. փոխհատուցում,
4. սոցիալական օգնություն։
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» 1950 թվականի նոյեմբերի 4–ի Եվրոպական կոնվենցիայում տուժողների իրավունքների պաշտպանությանը նվիրված առանձին դրույթ նախատեսված չէ, սակայն կոնվենցիան պարունակում է դրույթներ իշխանության չարաշահմամբ և հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման վերաբերյալ։ Այսպես, կոնվենցիայի 5–րդ հոդվածի 5–րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանքի տակ գտնվելու զոհ է դարձել` ի խախտումն սույն հոդվածի դրույթների, վնասի հատուցման իրավունք ունի։
Ճիշտ է, ՀՀ օրենսդրության մեջ «տուժող» հասկացությունը տրված է միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում (հոդված 58–ի համաձայն քրեական դատավարությունում տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս։ Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում անմիջականորեն կարող էր պատճառվել ֆիզիկական, գույքային կամ բարոյական վնաս, եթե ավարտվեր քրեական օրենքով չթույլատրված արարքի կատարումը), բայց ՀՀ Սահմանադրության մեջ այն չի օգտագործվում միայն քրեադատավարական իմաստով։ Սահմանադրության մեջ «տուժող» հասկացությունը պետք է դիտարկել ինչպես նյութաիրավական, այնպես էլ դատավարական իմաստով։
Նշենք նաև, որ հանցագործությունից տուժած անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն է ուղղված 1983 թվականի նոյեմբերի 24–ի Եվրոպական խորհրդի կողմից ընդունված` «Բռնությամբ հանցագործությունների զոհերին վնասի հատուցման մասին» կոնվենցիան, որը նպատակ է հետապնդում պետություններին պարտավորեցնել ներդնել հանցագործություններից տուժած անձանց պատճառված վնասի պետության կողմից հատուցման համակարգ։ Այս կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է 2001 թվականի նոյեմբերի 8–ին, սակայն դեռևս չի վավերացրել։
Այսօր, դժվար թե պետությունը կարողանա ամբողջությամբ հատուցել հանցագործության արդյունքում պատճառված վնասը, բայց որոշ հանցագործությունների համար գտնում ենք, որ այն պետք է հատուցվի իմպերատիվ կարգով (օրինակ բնապահպանական աղետների զոհերին)։
ՀԵԻԱ իրավախորհրդատու` Առնոլդ Վարդանյան