Ի՞նչ է «Օֆերտա»-ն և «Ակցեպտ»-ը

Օֆերտան մեկ կամ մի քանի կոնկրետ անձանց հասցեագրված առաջարկն է, որը որոշակիորեն արտահայտում է առաջարկողի մտադրությունը` պայմանագիրը կնքված համարել առաջարկն ընդունած հասցեատիրոջ հետ:

Օֆերտան պետք է պարունակի պայմանագրի էական պայմանները: Օֆերտան կաշկանդում է ուղարկող անձին` այն հասցեատիրոջ կողմից ստանալու պահից:

Եթե օֆերտայի հետկանչի մասին ծանուցումն ստացվել է օֆերտան ստանալուց առաջ կամ դրա հետ միաժամանակ, ապա օֆերտան համարվում է չուղարկված:

Օֆերտայի անհետկանչելիությունը

Հասցեատիրոջ ստացած օֆերտան չի կարող հետ կանչվել դրա ակցեպտի համար օֆերտայում սահմանված ժամկետում, եթե այլ վերապահում չկա օֆերտայում, կամ չի բխում առաջարկի էությունից կամ այն իրավիճակից, որում այն արվել է:

Հրապարակային օֆերտա

Գովազդը և անձանց անորոշ շրջանակին հասցեագրված այլ առաջարկները համարվում են օֆերտա անելու հրավեր, եթե ուղղակիորեն այլ բան նշված չէ առաջարկում: Պայմանագրի բոլոր էական պայմանները պարունակող առաջարկը, որից հետևում է առաջարկում նշված պայմաններով յուրաքանչյուր արձագանքողի հետ պայմանագիր կնքելու առաջարկ անողի կամքը, համարվում է հրապարակային օֆերտա:

Ակցեպտն առաջարկն ընդունելու մասին այն անձի պատասխանն է, ում հասցեագրվել է օֆերտան: Ակցեպտը պետք է լինի լրիվ և անվերապահ:

Լռությունն ակցեպտ չէ, եթե այլ բան չի բխում օրենքից, գործարար շրջանառության սովորույթից կամ կողմերի նախկին գործարար հարաբերություններից:

Օֆերտա ստացած անձի կողմից դրա ակցեպտի համար սահմանված ժամկետում դրանում նշված պայմանագրի պայմանները կատարելու ուղղությամբ գործողությունները ձեռնարկելը համարվում է ակցեպտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ նշված չէ օֆերտայում:

Ակցեպտի հետկանչը

Եթե օֆերտա ուղարկած անձն ակցեպտի հետկանչի մասին ծանուցումն ստացել է ակցեպտից շուտ կամ դրա հետ միաժամանակ, ապա ակցեպտը համարվում է չստացված:

Ուշացումով ստացված ակցեպտ

Այն դեպքերում, երբ ակցեպտի մասին ժամանակին ուղարկված ծանուցումն ստացվել է ուշացումով, ակցեպտն ուշացած չի համարվում, եթե օֆերտա ուղարկած կողմը մյուս կողմին անհապաղ չի տեղեկացնում ակցեպտն ուշացումով ստանալու մասին: Եթե օֆերտա ուղարկած կողմը մյուս կողմին անհապաղ տեղեկացնում է նրա` ուշացումով ստացած ակցեպտի ընդունման մասին, ապա պայմանագիրը համարվում է կնքված:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել