Ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում:
Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում։ Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից։ Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման:
Ամուսնական պայմանագրով ամուսինները կարող են փոփոխել ընդհանուր սեփականության շրջանակը, սահմանել համատեղ, բաժնային կամ յուրաքանչյուրի սեփականություն՝ ամուսինների ողջ գույքի, դրա առանձին տեսակների կամ ամուսիններից յուրաքանչյուրի գույքի նկատմամբ։ Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես ամուսինների առկա, այնպես էլ հետագայում ձեռք բերվելիք գույքի նկատմամբ։
Ամուսիններն իրավունք ունեն ամուսնական պայմանագրով որոշելու միմյանց ապրուստը հոգալու իրենց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները, միմյանց եկամուտներին մասնակցելու եղանակները, իրենցից յուրաքանչյուրի կողմից ընտանեկան ծախսեր կատարելու կարգը, այն գույքը, որ պետք է հանձնվի իրենցից յուրաքանչյուրին ամուսնալուծվելիս, ինչպես նաև իրավունք ունեն ամուսնական պայմանագրով նախատեսելու իրենց գույքային հարաբերություններին վերաբերող ցանկացած այլ նորմեր։
Ամուսնական պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները կարող են սահմանափակվել որոշակի ժամկետով կամ կախման մեջ դրվել որոշակի պայմանների վրա հասնելուց կամ հակառակը։
Ամուսնական պայմանագիրը չի կարող սահմանափակել ամուսինների իրավունակությունը կամ գործունակությունը, իրենց իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու նրանց իրավունքը, կարգավորել ամուսինների միջև անձնական ոչ գույքային հարաբերությունները, երեխաների նկատմամբ ամուսինների իրավունքներն ու պարտականությունները, նախատեսել անաշխատունակ անապահով ամուսնու ապրուստի միջոց պահանջելու իրավունքը սահմանափակող նորմ, ներառել այլ պայմաններ, որոնք ամուսիններից մեկին դնում են անբարենպաստ իրավիճակի մեջ կամ հակասում են ընտանեկան օրենսդրության հիմնական սկզբունքներին։
Ամուսնական պայմանագիրն ամուսինների համաձայնությամբ կարող է փոփոխվել կամ լուծվել ցանկացած ժամանակ: Ամուսնական պայմանագիրը փոփոխվում և լուծվում է ամուսնական պայմանագիր կնքելու համար սահմանված կարգով: Ամուսնական պայմանագրի կատարումից միակողմանի հրաժարում չի թույլատրվում։ Ամուսիններից մեկի պահանջով ամուսնական պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել դատական կարգով՝ պայմանագրերի փոփոխման և լուծման համար քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված հիմքերով ու կարգով։ Ամուսնական պայմանագրի գործողությունը դադարում է ամուսնության դադարման պահից, բացառությամբ այն պարտավորությունների, որոնք ամուսնական պայմանագրով նախատեսված են ամուսնությունը դադարելուց հետո ընկած ժամանակաշրջանի համար։
Դատարանը կարող է ամուսնական պայմանագիրն անվավեր ճանաչել ամբողջությամբ կամ մասնակիորեն՝ գործարքների անվավերության մասին Քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով: Դատարանը կարող է նաև ամուսնական պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչել ամուսիններից մեկի պահանջով, եթե այդ պայմանագրի պայմանները տվյալ ամուսնուն դնում են ծայրահեղ անբարենպաստ իրավիճակի մեջ։
Այսպիսով, անհրաժե՞շտ է արդյոք կնքել ամուսնական պայմանագիր, հարց, որի պատասխանը թողնում ենք մեր ընթերցողների դատին:
Աղբյուրը՝ Իրավաբան.net