Ո՞ր աշխատանքն է համարվում հարմար գործազուրկների համար

Գործազրկության արդի բարձր մակարդակի պատճառով գործազուրկները հաճախ են պատասխան ստանում լիազոր մարմնի կողմից, որ չկա հարմար աշխատանք: Իսկ ո՞րն է համարվում հարմար աշխատանք: Վերջինս կարգավորվում է Զբաղվածության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, որը համաձայն`

Աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում այն աշխատանքը, որը համապատասխանում է անձի մասնագիտական կրթությանը և որակավորմանը կամ պահանջում է լրացուցիչ մասնագիտական ուսուցում:

Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որին հնարավոր չի եղել լիազորված մարմին դիմելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, տեղավորել սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հարմար աշխատանքի, հարմար է համարվում այն աշխատանքը, որը պահանջում է որակավորման բարձրացում կամ համապատասխանում է վերամասնագիտացման շնորհիվ ձեռք բերված մասնագիտությանը:

Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար հարմար է համարվում վարձատրվող ցանկացած աշխատանք, որը չի պահանջում մասնագիտական կրթություն և որակավորում կամ պահանջում է մինչև վեց ամիս ժամկետով` լիազորված մարմնի կողմից կազմակերպվող մասնագիտական կամ վարպետային ուսուցում:

Մասնագիտական կրթություն և որակավորում չունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:

Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված պահանջները, ինչպես նաև աշխատավայրի տրանսպորտային մատչելիությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել