Վերջերս հաճախ կարելի է նկատել տենդենց Facebook.com-ի կամ Instagram-ի միջոցով հագուստներ, աքսեսուարներ և այլ իրեր վաճառելու: Սովորաբար, գնորդը հեռախոսի կամ սոց. ցանցերի միջոցով կապվում է վաճառողի հետ, հանդիպում վերջինիս հետ, վճարում և կատարում գնումը:
Սակայն քչերը գիտեն, որ դա համարվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն վաճառողի համար, եթե որպես վաճառող հանդես եկող անձինք չեն համարվում անհատ ձեռնարկատեր կամ գործում են առանց իրավաբանական անձի պետական գրանցման: Վերջինիս համար նախատեսված է պատասխանատվություն մինչև 30.000 ՀՀ դրամ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն` ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը, այսինքն` առանց իրավաբանական անձի պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման (բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի) ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելը կամ առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից երեսնապատիկի չափով:
Սույն հոդվածի համաձայն` պետությանը պատճառված վնասի հաշվարկում ներառվում է նաև պետական գրանցման, ինչպես նաև հատուկ թույլտվության (լիցենզիայի) համար գանձման ենթակա պետական տուրքի գումարի չափը: