«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 29–րդ հոդվածի համաձայն` սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը պարտադիր գրանցվում է և ներկայացվում սահմանադրական դատարանի նախագահին։ Եթե դիմումում բարձրացված հարցն ակնհայտորեն ընդդատյա չէ սահմանադրական դատարանին, կամ այն ներկայացրել են սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունեցող մարմինը, ապա սահմանադրական դատարանի աշխատակազմը հնգօրյա ժամկետում վերադարձնում է դիմումը։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 30–րդ հոդվածի համաձայն սահմանադրական դատարանի նախագահը սահմանադրական դատարանի մեկ կամ մի քանի անդամների հանձնարարում է դիմումի նախնական ուսումնասիրումը։
Դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով սահամնադարական դատարանի անդամը սահմանադրական դատարանի նախագահին ներկայացնում է դիմումի ուսումնասիրության արդյունքները։ Զեկուցումից հետո սահմանադրական դատարանի նախագահը հրավիրում է սահմանադրական դատարանի նիստ` գործի քննության ընդունելու հարցը լուծելու համար։
Սահմանադրական դատարանի նիստը հրավիրում և վարում է սահմանադրական դատարանի նախագահը։ Գործի քննության նախապատրաստելու և գործի հանգամանքները նիստում շարադրելու համար սահամանադրական դատարանի նախագահը սահմանադրական դատարանի անդամներից նշանակում է զեկուցող։ Զեկուցողն իրավունք ունի նախագահի գիտությամբ պետական մարմիններից, պաշտոնատար անձանցից, ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից և քաղաքացիներից պահանջել փաստաթղթեր, եզրակացություններ և այլ նյութեր, հանձնարարել կատարել ստուգումներ, ուսումնասիրություններ, հետազոտություններ։ Զեկուցողը նախագահի հետ միասին որոշում են դատարանի նիստին հրավիրվող անձանց շրջանակը։
Միևնույն ժամանակ, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 33–րդ հոդվածի` սահմանադրական դատարան ներկայացված դիմումը կարող է դիմողը հետ վերցնել մինչեւ գործի դատաքննությունը սկսվելը: Այն դիմումը հետ վերցնելը, որի հիման վրա գործ է ընդունվել քննության, կարող է մերժել սահմանադրական դատարանը, եթե սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումի առարկայի վերաբերյալ գործի քննությունը բխում է հանրության կամ պետության շահերից, բացառությամբ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ դիմումից հրաժարվելը հանգեցնում է գործի քննության կարճմանը:
ՀԵԻԱ իրավաբան ուսանողների բաժանմունքի անդամ` Առնոլդ Վարդանյան