Հասարակության մեջ կա թյուր ըմբռնում այն մասին, որ եթե սեռական հարաբերությունները տեղի են ունենում փոխադարձ համաձայնությամբ, ապա ոչ մի դեպքում չեն կարող ենթարկվել պատասխանատվության: Սակայն, ամենևին էլ այդպես չէ:
ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի համաձայն`
1. Տասնութ տարին լրացած անձի կողմից սեռական հարաբերությունը ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելն ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ՝ սույն օրենսգրքի 138-րդ կամ 139-րդ հոդվածներով կամ 140-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցանքների հատկանիշների բացակայության դեպքում՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) քսանմեկ տարին լրացած անձի կողմից,
2) մի խումբ անձանց կողմից,
3) միևնույն անձի նկատմամբ` պարբերաբար`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,
2) տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ`
պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասներկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հանգում ենք հետևյալին
• եթե 18 տարին լրացած անձը փոխադարձ սեռական հարաբերությունների մեջ է մտնում ակնհայտ 14 կամ 15 տարեկան անձի հետ, կարող է ազատազրկման ենթարկել մինչև 2 տարի ժամկետով,
• եթե 18 տարին լրացած անձը վերոնշյալ արարքը կատարում է պարբերաբար, ապա պատժվում է ազատազրկմամբ 4-ից 10 տարի ժամկետով,
• եթե 21 տարին լրացած անձն է վերոնշյալ արարքը կատարում (նույնիսկ ոչ պարբերաբար, այսինքն` մեկ անգամ), կրկին պատժվում է ազատազրկմամբ 4-ից 10 տարի ժամկետով,
• եթե 18 տարին լրացած անձը փոխադարձ սեռական հարաբերությունների մեջ է մտնում ակնհայտ 13 տարեկան կամ ավելի փոքր տարիքի անձի հետ, ապա պատժվում է ազատազրկմամբ 5-ից 12 տարի ժամկետով: