2013 թ. ապրիլի 30-ից ՀՀ քրեական օրենսգիրքը լրացվել է 364.1 հոդվածով, համաձայն որի արգելվում է զինծառայողներին մոլեխաղերի մասնակցել կամ կազմակերպել զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում:
1. Զինծառայողի կողմից զորամասում, ծառայության վայրում կամ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում մոլեխաղերի մասնակցելը` իր կամ այլ անձի համար գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալու նպատակով`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված մոլեխաղեր կազմակերպելը`
պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` մեկից երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք գույքային էական վնաս են պատճառել`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ`
պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Հարկ է նշել, որ վերոնշյալ հոդվածի տառացի վերլուծությունից պարզ չէ, թե արդյոք մոլեխաղի հետևանքով գույքային վնասը պատճառվում է մասնակիցներին, կազմակերպչին, թե` երրորդ անձանց կամ ծանր հետևանքները առաջանում են մասնակիցների, կազմակերպչի, թե` երրորդ անձանց համար: Ավելին, կարելի է եզրակացնել, որ այն դեպքում երբ մասնակիցը ինքն է կրում գույքային էական վնաս կամ իր համար առաջանում են ծանր հետևանքներ մոլեխաղի պատճառով, ապա վերջինիս համար ևս կգործեն ծանրացնող հանգամանքները և ազատազրկումը կլինի մինչև 5 տարի ժամկետով: