Երեխայի սերումը մորից (մայրությունը) հաստատվում է երեխայի՝ բժշկական կազմակերպությունում տվյալ մորից ծնված լինելու փաստը հավաստող փաստաթղթերի, իսկ եթե երեխան ծնվել է բժշկական կազմակերպությունից դուրս՝ համապատասխան բժշկական փաստաթղթերի, վկաների հայտարարությունների կամ այլ ապացույցների հիման վրա։
Միմյանց հետ ամուսնության մեջ գտնվող անձանցից երեխա ծնվելու դեպքում երեխայի հայր է ճանաչվում երեխայի մոր ամուսինը (նախկին ամուսինը), եթե այլ բան չի ապացուցվել։ Երեխայի մոր ամուսնու (նախկին ամուսնու) հայրությունը հավաստվում է նրանց ամուսնության պետական գրանցումով։
Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ երեխայի հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա:
Չափահաս անձի նկատմամբ հայրության որոշում թույլատրվում է միայն իր համաձայնությամբ, իսկ եթե նա դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ՝ նրա խնամակալի (հոգաբարձուի) կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությամբ։
Ամուսնության մեջ չգտնվող ծնողներից երեխա ծնվելու դեպքում, եթե բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը, ապա որոշակի անձից երեխայի սերված լինելու փաստը (հայրությունը) որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի (հոգաբարձուի), կամ այն անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո՝ վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա։ Այս դեպքում դատարանը հաշվի է առնում ցանկացած ապացույց, որը ստույգ հաստատում է, որ տվյալ երեխան սերվել է որոշակի այդ անձից: