Ի՞նչ է ՀՀ օրենսդրություն ներմուծվող անձնական սերվիտուտը

Ինչպես գիտենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նախատեսված է իրային սերվիտուտը` որպես սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքի տեսակ։ Այսպես, ըստ քաղաքացիական օրենսգրքի 210–րդ հոդվածի` հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարևան հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հողամասի սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրելու այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ): Նույն հոդվածի համաձայն սերվիտուտը կարող է լինել կամավոր և հարկադիր: Կամավոր սերվիտուտը սահմանվում է սերվիտուտ պահանջող անձի և հարևան կամ այլ հողամասի սեփականատիրոջ` նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ: Հարկադիր սերվիտուտը սահմանվում է դատարանով` սերվիտուտ պահանջող անձի հայցով` կամավոր սերվիտուտ սահմանելու կամ դրա պայմանների վերաբերյալ համաձայնության չգալու դեպքում:

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սերվիտուտ պահանջելու իրավունքը ուղղակիորեն կապել է մեկ այլ հողամասի տիրապետման և օգտագործման անհրաժեշտության հետ: Տվյալ դեպքում սերվիտուտի առկայությունը կապված է ոչ թե սերվիտուտ պահանջող անձի այլ վերջինիս սեփականության կամ օգտագործման ներքո գտնվող անշարժ գույքի հետ: Դա է պատճառը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն սերվիտուտով ծանրաբեռնված հողամասի նկատմամբ իրավունքն այլ անձի փոխանցվելիս սերվիտուտը պահպանվում է: Միաժամանակ սերվիտուտ պահանջող անձի փոփոխման դեպքում սերվիտուտի դադարման հիմք ևս չի նախատեսվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքով: Վերը նշվածով է պայմանավորված ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված սերվիտուտի իրային բնույթը:

Մինչդեռ, ժամանակակից քաղաքացիական հարաբերություններում իր ուրույն տեղն ունի նաև «անձնական սերվիտուտը», ինչը նշանակում է, որ սերվիտուտի պահանջը ոչ թե բխում է սերվիտուտ պահանջող անձի իրը տիրապետելու կամ օգտագործելու անհրաժեշտությունից, այլ կոնկրետ անձից և/կամ նրա կարգավիճակից, ծավալած գործունեությունից և այլ գործոններից: Ընդ որում տվյալ դեպքում սերվիտուտ ստացած անձի փոփոխման դեպքում անձնական սերվիտուտը պետք է դադարի: Սրանով է պայմանավորված սերվիտուտի «անձնավորված» բնույթը:

Այսպես է բնութագրվում «անձնական սերվիտուտը» ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված` «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում անձնական սերվիտուտը կանոնակարգող դրույթներ ներմուծելու վերաբերյալ» վերտառությամբ հայեցակարգի ներածությունում։

Բերենք օրինակ, քաղ. օր. առկա հիմնախնդիրներից` կապված «անձնական սերվիտուտ»–ի բացակայության հետ։ Այսպես, հողամասի սեփականատերերի կամ օգտագործողների կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սերվիտուտ կարող է սահմանվել այդ թվում նաև՝ էլեկտրահաղորդման, կապի գծերի և խողովակաշարերի անցկացման, շահագործման և ջրամատակարարման համար։ Տվյալ դեպքում հարց է առաջանում, իսկ ինչպիսի՞ սերվիտուտ է պահանջելու ջրամատակարարում իրականացնող կազմակերպությունը, եթե այդ սերվիտուտը պայմանավորված չէ վերջինիս՝ որպես հարևան հողամասի սեփականատիրոջ կամ օգտագործողի իրային իրավունքներով: Այստեղ պարզ է դառնում, որ խոսքը վերաբերվում է ոչ թե «իրային» սերվիտուտին, այլ՝ «անձնական» սերվիտուտին, որտեղ սերվիտուտի պահանջը բխում է կոնկրետ անձի (տվյալ դեպքում՝ ջրամատակարարման գործունեությամբ զբաղվելու) գործունեության բնույթից: Ուստիև, վերջինիս փոփոխման դեպքում սերվիտուտը ենթակա չէ պահպանման:

Նմանաբնույթ հիմնախնդիրներից խուսափելու նպատակով հայեցակարգը առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 210-217-րդ հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ հստակ տարանջատելով անձնական և իրային սերվիտուտները և սահմանելով, որ անձնական սերվիտուտի դեպքում սերվիտուտ ստացող անձի փոփոխմամբ սերվիտուտը դադարում է:
Արդյունքում մենք ՀՀ քաղաքացիական օրենսգրքում կունենանք հստակ ձևակերպված «անձնական» սերվիտուտի ինստիտուտը, որը հստակ կտարանջատվի «իրային» սերվիտուտից: Ինչպես նաև, սերվիտուտ հնարավոր կլինի սահմանել ոչ միայն պայմանավորված անձի կողմից իր տիրապետման տակ գտնվող անշարժ իրի (հողամասի) օգտագործման անհրաժեշտությամբ, այլ կապված կոնկրետ անձից, նրա կարգավիճակից, ծավալած գործունեությունից: Կլուծվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են, օրինակ արտաքին գովազդով զբաղվող կազմակերպությունների կողմից իրենց ցուցանակները այլ սեփականատերերի հողամասերում տեղադրելու, կամ փոքր ճարտարապետական նմուշներ (օր.՝ արձաններ) տեղադրելու հետ կապված հարաբերությունները, որոնք այսօր կամ չեն կարգավորված, կամ թերի են կարգավորված (հիմնականում հիմնված են պարտավորական իրավունքի վրա՝ վարձակալություն, անհատույց օգտագործում և այլն):

Ամբողջությամբ հայեցակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հանրային թղթակից՝ Առնոլդ Վարդանյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել