Որո՞նք են անձին ձերբակալելիս ծանուցվող իրավունքները

Ոստիկանության մասին 2001 թվականի ապրիլի 16–ին ընդունված օրենքի 5–րդ հոդվածի 4–րդ մասի համաձայն ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի և հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել և բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև աջակցել իրավունքների իրացմանը: Մարդու խնդրանքով իր իրավունքների ու պարտականությունների ծանուցումը կատարվում է գրավոր:

Ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության` «մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող` ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատելու մասին» 2007 թվականի հունիսի 14–ի 818–ն որոշմամբ։

Այդ որոշման 1–ին հավելվածի համաձայն` մարդու իրավունքները սահմանափակելիս մարդն իրավունք ունի`

1) սահմանափակման պահից իմանալու իր ազատության սահմանափակման պատճառները, հիմքերը, իր ազատությունը սահմանափակող ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, ազգանունը.

2) ստանալու իրավաբանական օգնություն.

3) բացատրություններ տալու փաստաբանի ներկայությամբ կամ հրաժարվելու բացատրություններ տալուց.

4) ծանոթանալու իր իրավունքների ու ազատությունների սահմանափակմանն անմիջականորեն առնչվող փաստաթղթերին կամ նյութերին.

5) պահանջելու, որպեսզի ոստիկանություն բերելու պահից սկսած` երեք ժամվա ընթացքում իր գտնվելու վայրի մասին տեղեկացվի իր կողմից ընտրված անձին.

6) անհրաժեշտության դեպքում ստանալու բժշկական օգնություն.

7) պահանջելու օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել իր ազատության սահմանափակման կապակցությամբ իր կամ ընտանիքի անդամների կյանքին, առողջությանը, գույքին սպառնացող վտանգը վերացնելու, ինչպես նաև իր տիրապետման տակ գտնվող` առանց հսկողության մնացած գույքը պահպանելու նպատակով.

8) ծանոթանալու իր ազատության սահմանափակման օրինականությունը և հիմնավորվածությունը բողոքարկելու կարգին, ոստիկանության գործողություններն ու որոշումները բողոքարկելու վերադասության կարգով կամ դատախազին կամ դատարան.

9) ոստիկանություն բերվելիս` իր պահանջով ստանալու իրավունքների մասին իր համար հասկանալի լեզվով գրավոր ծանուցում.

10) պահանջելու, որպեսզի իրեն թույլ տան օգտվելու իր իրավունքներից` դրա մասին գրավոր դիմելով իր ազատությունը սահմանափակած ոստիկանության ծառայողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել