Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները պահանջում են, որ սպանության գործով նախաքննությունը կատարվի հնարավորինս արդյունավետ, չլինեն գործողություններ, որոնք կատարվեն ուշացումով կամ թերացումներով, և որ ամենակարևորն է, օրենքով սահմանված կարգով տեղեկացվեն գործի ընթացքի մասին:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին տուժողների իրավահաջորդներ ճանաչված Ավետիսյան ընտանիքի ավագ դուստրը` Լուսինե Ավետիսյանը, նրա ամուսինը` Եգոր Ադամյանը և կրտսեր դստեր` Անահիտ Ավտեիսյանի ամուսինը` Արթուր Կոշտոյանը:
Խոսելով դեպքի մանրամասների և այն վարկածի մասին, թե Պերմյակովը ջուր խմելու համար է նրանց տուն մտել կամ թե արդյո՞ք ռուս զինվորը ճանաչել է Ավետիսյանների ընտանիքին, Լուսինե Ավետիսյանը պատասխանեց.
«Մի ամսվա ծառայող է եղել, չէր կարող մեր ընտանիքից որևէ մեկի հետ կապ ունենալ: Եթե մեր տանը մի բաժակ էլ տեղից շարժվել է, ես դրա մասին իմացել եմ: Էդ ընտանիքը նույնիսկ մեկի ոտքը չէր տրորել:Իմ վարկածն այն է, որ մեր տուն է մտել, որովհետև այդտեղ երեք սերունդ է բնակվել: Այդ ապուշ մեկնաբանությունը, թե ջուր խմելու համար է մտել, իմ ուղեղում չի տեղավորում»,- Լուսինե Ավետիսյանը նշեց նաև, որ իր համար էլ է տարօրինակ, որ կրակոցի և այլ ձայներ հարևանները չեն լսել:
Հարազատների մյուս առաջնային պահանջը, թերևս, Պերմյակովին ՀՀ իրավական մարմիններին հանձնելն է: Իսկ ահա այս պահանջը չի եղել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նամակում` ուղղված ռուս գործընկերոջը:
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Գ. Կոստանյանը խնդրել է գործի վարույթը հանձնել հայկական կողմին, ինչն ինքնին չի ենթադրում մեղադրյալի հանձնումը: Սակայն քննության մի պահից սկսած մեղադրյալի բացակայությունը կարող է փակուղային վիճակի հասցնել գործը:
Այն հարցին, թե ներկայումս միջնորդություններն ու դիմումները տուժողի իրավահաջորդները հայկական, թե ռուսական կողմին են ուղարկում, Երեմ Սարգսյանը ասաց, որ տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների` Արայիկ Զալյանի, Արթուր Սաքունցի ու Թամար Բաղդասարյանի հետ քննարկել և որոշել են դեռևս չդիմել ռուսական կողմին` նրանց կողմից հարուցված քրեական գործով տուժողի իրավահաջորդներ և նրանց ներկայացուցիչներ ներգրավվելու համար:
Համարում են, որ ռուսական կողմի մոտ գործի վարույթն անօրինական կերպով է գտնվում և նրանց նման դիմում ներկայացնելով, այսպես ասած «օրինականցնում են» նրանց գործելակերպը: Եվ նրանց մոտ առկա տեղեկությունների ծավալն էլ փոքր է և հնարավոր է ստանալ առանց գործին ներգրավվելու:
Երեմ Սարգսյանն անդրադարձավ նաև գործի շրջանակներում կատարված փորձաքննություններին: Առայժմ հայտնի է դեղաբանական և դատաքիմիական փորձաքննությունների արդյունքները, համաձայն որոնց, դեղեր և այլ նյութեր չեն հայտանաբերվել ոչ սպանվածների, ոչ էլ Պերմյակովի հետ ծառայակիցների օրգանիզմում:
Ինչ վերաբերում է դատաձգաբանական փորձաքննությանը, ապա դրա եզրակացությունը դեռևս հայտնի չէ, թեև լրատվամիջոցներում հակառակ տեղեկություն է եղել:
Հարազատները հայտնեցին նաև, որ դեպքից հետո տնից բացի ընտանիքի անդամների երեք բջջային հեռախոսը, այլ իրեր չեն անհետացել: Լուսինե Ավետիսյանը պատմեց, որ սպանված քրոջ զարդերը կողքին դրված էլ մնացել են, մոր ականջներին են եղել նաև ոսկյա օղերը: