Միջազգային փորձագետները առաջարկում են հակակոռուպցիոն խորհրդում ՀԿ անդամների քանակն ավելացնել

Այսօր՝ փետրվարի 17-ին Երևանում ներկայացվեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի անդամ երկրների մոնիթորինգի արդյունքները: Խմբի անդամները խոսեցին Հայաստանում կոռուպցիայի մակադակի մասին:

Նրանցից Օլգա Սավրանը անդրադառնալով մինչ այս Հայաստանում իրականացրած ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանն՝ ասաց. «ՀՀ հակակոռուպցիոն նախկին ռազմավարությունը այնքան էլ լավ չի իրականացվել, մինչ օրս նախորդ ռազմավարության իրականացնումը լուրջ ազդեցություն չի թողել կոռուպցիայի նվազման վրա: Ուստի փորձում ենք այնպես անել, որ հաջորդ ռազմավարությունը ունենա արդյունք, որպեսզի այն պարզապես թղթի կտոր չլինի: Բայց որ ավելի կարևոր է՝ հավատացած ենք` երբ այն թղթին հանձնվի, կառավարությունը պետք է ամբողջական պատասխանատվություն ստանձնի դրա իրականացման համար»:

Նա նաև անդրադարձավ հակակոռուպցիոն խորհրդին՝ ընդգծելով, որ այն պետք է լինի ռազմավարության «շարժիչ ուժը». «Անցյալում այն բավական տկար էր: Մենք պնդում ենք, որ պետք է լինի մշտական քաղաքականություն: Ուզում ենք, որպեսզի կառավարությունը ուժեղ մեխանիզմ ունենա, որով կիրականացվեն ռազմավարության ծրագրերը: Մենք ասում ենք, որ նախորդ ռազմավարության բազմաթիվ միջոցառումներ իրականացվել են, խնդիրն այն է, որ բոլոր այդ ջանքերը կարևոր ազդեցություն չեն ունեցել հենց կոռուպցիայի նվազեցման վրա»,- ընդգծեց փորձագետը:

Իրավաբան.net-ը փորձագետից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք է այն հանգամանքի վերաբերյալ, որ խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն ընդամենը 2 ՔՀԿ ներկայացուցիչներ, մինչդեռ այս պարագայում հասարակության ձայնը լսելի չի լինի, փորձագետն ասաց. «Մենք կառավարությանը հանձնարարական ունենք, որում ասվում է՝ ապահովել ՀԿ-ների ավելի լայն ներգրավվածությունը խորհրդում: Իրականում մենք համամիտ չէինք, որ պետք է լինի ընտրական գործընթաց: Այդուհանդերձ, մենք դրական կողմ կհամարենք ՀԿ-ների և ոչ կառավարական սուբյեկտների ավելի լայն մասնակցությունը խորհրդում»,- շեշտեց փորձագետը:

Հետաքրքրվեցինք նաև ռազմավարության հաստատման ժամկետների վերաբերյալ: Օլգա Սավրանը պատասխանեց. «Երբ հուլիսի մենք այստեղ էինք, մտադրություն կար սեպտեմբերին ընդունել այն: Մենք մեր զեկույցում ասեցինք` մի շտապեք: Ներկայումս առկա են քննարկումներ, դրանք բավականին խրթին են, հիմա ասում ենք, որ պետք է շտապեք, մենք ուզում ենք շուտով տեսնենք ռազմավարությունը, այս երկիրը 2.5 տարի հակակոռուպցիոն ռազմավարություն չունի»:

Բանախոսներից Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, պատասխանելով Իրավաբան.net-ի հարցին՝ ՀԿ-ների ներգրավվածության վերաբերյալ, նշեց. «Ռազմավարության նախագիծը պատրաստ է, ուղարկվել է կարծիքի մեր գործընկերներին, տեղադրված է կայքում և քննարկվել է արդարդատության նախարարության կից հանրային խորհրդում, ակնկալում ենք նաև կարծիքները ստանալ ՀԿ-ներից: Խորհրդում կան ոչ պետական սեկտորի բազմաթիվ կառույցներ՝ առնվազն 7 ներկայացուցիչ: Այս հակակակոռուպցիոն ռազմավարության քաղաքական պատասխանատուն կառավարությունն է, իսկ որոշումներն ընդունվելու են կոնսենսուսային ճանապարհով` ՀԿ-ների և ոչ պետական սեկտորի մյուս ներկայացուցիչների հետ»,- ասաց պարոն Քրմոյանը:

Մեկ այլ փորձագետ Ռուսադան Միքելիձեն ներկայացնելով մոնիթորինգի արդյունքներն ընդգծեց, որ երկիրը կարևոր ձեռքբերումներ ունի օրենսդրական դաշտում. «Սակայն ավելի կարևոր է, որ Հայաստանի ձեռքբերված օրենսդրական առաջընթացն արտացոլի նաև պրակտիկայում: Զեկույցում նշում ենք, որ հանձնարարականների մեծ մասը ՀՀ-ն կատարել է, բացառությամբ մի կարևոր հանձնարարականի, որը վերաբերում է իրավաբանական անձանց պատասխանատվության ենթարկելուն: Ամենակարևորը, որ օրենսդրության պրակտիկ կիրառկումն ենք ցանկանում տեսնել»,- փոխանցեց նա:

Փորձագետը նաև խոսեց դատական իշխանության անկախության խնդրից. «Զեկույցի գլուխներից մեկով մենք անդրադառնում ենք նաև դատարաններին: Այս մասով մենք խիստ քննադատություն ենք ուղղում ՀՀ կառավարությանը: Մենք իմացել ենք, որ կան դատավորներ, որոնք փորձում են հետևել վերին ատյանի դատավորների ցուցումներին, բացի այդ գործադիրն է նրանց վրա ազդում: Նաև առաջարկում ենք, որ ոչ թե նախագահը նշանակի դատավորին, այլ լինեն օբյեկտիվ և թափանցիկ չափորոշիչներ քվեարկություն»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել