Անհրաժեշտ է արդյո՞ք ՌԴ մեկնելիս ունենալ անձնագրի ռուսերեն թարգմանությունը

Վերջերս բարեխղճությանը և կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող դասախոսություններ կարդալու նպատակով որպես միջազգային փորձագետ մեկնել էի Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) Նովոսիբիրսկ քաղաք: Այնտեղի «Տոլմաչյովո» օդանավակայանի անձնագրային հսկողության ծառայության աշխատակիցները, ինչպես ժամանելու, այնպես էլ մեկնելու ժամանակ, խիստ անբարեհամբյուր կեցվածքով պահանջեցին ներկայացնել ՀՀ քաղաքացու անձնագրիս ռուսերեն թարգմանությունը: Արդեն Երևանում փորձեցի պարզել, թե որքանո՞վ է իրավաչափ Ռուսաստանի սահմանապահների այդ պահանջը:

Ուսումնասիրության արդյունքում պարզեցի հետևյալը` ՌԴ օրենսդրությանը համաձայն այդ երկրի տարածքից դուրս տրամադրված բոլոր փաստաթղթերը Ռուսաստանում իրավական ուժ ունեն միայն ռուսերեն լեզվով: Նշվածը հիմնավորվում է նրանով, որ համապատասխան պետական մարմինները չեն կարող ունենալ բոլոր օտար լեզուներին տիրապետող մասնագետներ: Պրակտիկայում, Ռուսաստանում գտնվող բազմաթիվ օտարերկրացիներ դժգոհում են, որ ռուսերեն լեզվով սխալ են գրված իրենց անուն-ազգանունը, բնակավայրի անվանումը և այլն: Ոչ կոռեկտ թարգմանության պատճառով սխալ ձևակերպված աշխատանքի թույլտվությունը, միգրացիոն քարտը և այլ կարևոր փաստաթղթերը համարվում են անվավեր: Այսպիսով, ստացվում է, որ անձնագրի նոտարական թարգմանությունը ծայրահեղ անհրաժեշտություն է, առանց որի Ռուսաստանի տարածքում անձի, հատկապես երկարատև, գտնվելը բարդանում է:

Նախկին ԽՍՀՄ որոշ երկրներում փաստաթղթերը տրամադրվում են նաև ռուսերեն լեզվով: Օրինակ` Ղրղզստանում պետական լեզուն ղրղզերենն է, իսկ պաշտոնականը՝ ռուսերեն: Եվ այստեղ կարող է հարց առաջանալ, թե այսպիսի փաստաթղթերի թարգմանությունն ինչո՞ւ է պետք: Բանը կայանում է նրանում, որ օտարերկրյա քաղաքացու փաստաթղթերում բացի գրառումներից առկա են նաև կնիքներ, դրոշմակնիքներ և այլ նշումներ, որոնք տվյալ պետության ազգային լեզվով են: Հենց դրանց պատճառով էլ պետք է ռուսերեն թարգմանություն: Տարբեր կնիքների, դրոշմակնիքների, նրանք դնելու իրավաչափության նույնականացման համար պահանջվում է նոտարական կարգով վավերացված թարգմանություն: Ձևակերպման կանոններով, թարգմանության են ենթակա բոլոր նշումները, դրոշմակնիքները, կնիքները և ստորագրությունները:

Ռուսաստանի օրենսդրությունն անձնագրի ռուսերեն լեզվով թարգմանության բացակայության համար պատասխանատվություն չի սահմանում: Այդ հիմքով անձին չեն կարող արգելել մուտք գործել ՌԴ տարածք կամ լքել այն:

Մարատ Ատովմյան
փաստաբան, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության վարչության անդամ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել