Երբ կոռուպցիան դարձել է ապրելակերպ, անհրաժեշտություն, ինչպես թթվածինը…

Ներկայումս կոռուպցիան դարձել է ապրելակերպ, անհրաժեշտություն, ինչպես թթվածինը, առանց որի չի կարելի ապրել:

Կոռուպցիոն թթվածնի կարիք ունեն` բարձր, միջին և ցածր օղակների անբարեխիղճ շատ պաշտոնյաններ, ովքեր ամեն պատեհ և անպատեհ առիթով խոսում են կոռուպցիայի վտանգավորության և դրա դեմ պայքարի անհրաժեշտության մասին` իրականում չկորցնելով որևէ թանկարժեք վայրկյան պաշտոնական դիրքը սեփական, ընկերոջ, խնամու, բարեկամի, ծանոթի շահին ծառայեցնելու համար` սկսած մրցույթների (պետական գնումներ, ԲՈՒՀ-երի ընդունելություն, մասնագիտական և ոչ մասնագիտական մրցույթներ և այլն) անցկացումից, վերջացրած հանրային ծառայությունների (դատական, իրավապահ, առողջապահության, սոցիալական ապահովության, պետական եկամուտների հավաքագրում և այլ ոլորտներ) մատուցումից: Իհարկե, նրանք այս ամենն անում են մեծ սիրով` իրենց ընձեռնված հնարավորությունների սահմաններում:

Կոռուպցիոն թթվածինն են շնչում նաև հասարակ քաղաքացիներ, որոնք իրենց նպաստի, թոշակի, ամուսնության, երեխայի ծննունդի գրանցման, հարազատի հուղարկավորության և իրենց ամենօրյա այլ հարցերը տարբեր տրամաչափի պաշտոնյանների հետ կազմակերպում են կոռուպցիոն եղանակներով` առանց ավելորդ խոչընդոտի և վտանգի զգացումի` իրենց ընձեռնված խաղի կանոնների շրջանակներում:

Թերևս, հնչի վատատեսական, բայց իրականությունն այն է, որ մենք հայտնվել ենք փակուղային իրավիճակում, երբ հասարակության մեծամասնությունը չի տեսնում ներկա դրությունից դուրս գալու ելքը, չի հավատում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությանը:

Ի՞նչ անել: Որտեղի՞ց սկսել և որտե՞ղ է երևալու լույսը:

Իրավաբան.net-ը ՀՀ հակակառուպցիոն նոր ռազմավարության հաստատմանն ընդառաջ «Հակակոռուպցիոն ռազմավարություն. ներկա դրությունից դուրս գալու ելքը» խորագրով սկսում է հատուկ շարք` բաց հարթակ, որի ընթացքում շահագրիռ բոլոր անձանց հնարավորություն է ընձեռնում հակակոռուպցիոն նոր ռազմավարության, ներկա մարտահրավերների և հակակոռուպցիոն պայքարի վերաբերյալ ներկայացնել սեփական մտահոգությունները, կարծիքները և առաջարկությունները, վեր հանել բոլոր ռիսկերն ու վտանգները, ինչպես նաև նախանշել առկա հնարավորություններն ու իրավիճակից դուրս գալու ելքերը:

Կարեն Զադոյան
Իրավաբան.net-ի գաղափարի հեղինակ և ղեկավար

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել