Եղիշե Կիրակոսյանը քաջալերեց Ամերիկյան համալսարանի ուսանողներին

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթին մասնակցած Իրավաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանն այսօր Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանողներին խորհուրդ տվեց մասնակցել 2014-2015 թվականի դատախաղ մրցույթին` միաժամանակ նշելով, որ այն չափազանց բարդ է լինելու: Այդուհանդերձ Եղիշե Կիրակոսյանը քաջալերեց նրանց` շեշտելով, որ այս մրցույթը երիտասարդներին արժեքավոր գիտելիքներ և փորձ կտա:

«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային համակառավարիչ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ուսանողներին տեղեկացրեց մրցույթի անցկացման մանրամասները:

Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի 2014-2015 թվականի դատախաղի մրցույթի թեման վերաբերում է անջատողականության և ազգային ինքնորոշման իրավական կարգավորմանը: Թիմը պետք է օնլայն գրանցվի մինչև 2014թ. նոյեմբերի 14-ը: Տեղեկացնենք նաև, որ մրցույթն անցկացվում է երկու մրցափուլով՝ ազգային և միջազգային: Հայաստանում մրցույթն անցկացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախաձեռնությամբ՝ Հայաստանի Ջեսափի ակումբի հետ համագործակցությամբ: Ազգային մրցափուլում հաղթող ճանաչված թիմը հնարավորություն կունենա մասնակցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրիլին կայանալիք «2015թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլին: Մրցույթի հայաստանյան մրցափուլին մասնակցության հայտ կարող են ներկայացնել ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և իրավաբանական բուհերի՝ 2-5 ուսանողներից կազմված թիմերը (յուրաքանչյուր բուհից մեկական թիմ): Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել թիմի անդամների և մարզիչի անձնագրերի պատճենները, թիմի անդամների ուսանողական տոմսերի պատճենները, տեղեկանք առ այն, որ թիմի անդամները հանդիսանում են տվյալ բուհի ուսանողներ՝ նշելով ուսման տարին, ինչպես նաև թիմի անդամների և մարզիչի կոնտակտային տվյալները (հասցե, հեռախոսահամար, էլ. փոստի հասցե): Ազգային մրցափուլի ժամանակացույցին համապատասխան՝ մրցույթի մասնակցության համար նյութերի փաթեթը՝ Պաշտոնական կանոններ, Հատուկ Համաձայնագիր, Ժամանակացույց, կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գրասենյակից, հետևյալ հասցեով՝ Նալբանդյան 7, բն 2, ինչպես նաև հայաստանյան մրցույթի պաշտոնական վեբ կայքից՝ www.jessup.am հասցեով, ինչպես նաև մրցույթի միջազգային կազմակերպիչ Իրավաբան ուսանողների միջազգայի ասոցիացիայի պաշտոնական կայքից՝ www.ilsa.org հասցեով: Մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակից՝ մրցույթի ազգային համակառավարիչ Սյուզաննա Սողոմոնյանից (էլ. փոստ՝ [email protected]), հետևյալ հեռախոսահամարներով՝ (+374 10) 54 01 99, 58 02 99, այնպես էլ www.jessup.am կայքից:

Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել