Ի՞նչ անել, երբ աղմուկը խանգարում է Ձեր հանգիստը

Հաճախ ենք հանդիպում այնպիսի դեպքերի, երբ քաղաքացիները դժգոհում են ռեստորանների և գիշերային ակումբների բարձր երաժշտությունից և աղմկոտ հարևաններից (հատկապես շենքերում):

Այս բոլոր իրավիճակներում օրենքն առաջարկում է իր օգնություն: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում նշյալ իրավահարաբերությունները կարգավորելու համար առկա է 180-րդ հոդվածը` «Լռությունը խախտելը», որը սահմանում է`

1. Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը`առաջացնում են նախազգուշացում:
2. Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի)` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Նկատենք, որ օրենքում առկա է «անհետաձգելի անհրաժեշտություն» եզրույթը, սակայն սահմանված չէ, թե որ դեպքերը կարելի են անհետաձգելի համարվել, այսինքն` իրավախախտները հեշտությամբ կարող են օգտվել այս նորմից:

Ինչ վերաբերում է ավտոմեքենաներին, ապա նույն օրենսգրքի 83-րդ և 84-րդ հոդվածները սահմանում են համապատասխան տուգանքներ պաշտոնատար անձանց և քաղաքացիների նկատմամբ: Այսպիսով, եթե աշխատանքի ժամանակ մեքենաների առաջացրած աղմուկի մակարդակը գերազանցում են սահմանված նորմատիվները, պաշտոնատար անձիք կտուգանվեն նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի, իսկ քաղաքացիները հիսնապատիկի չափով: Ի դեպ, այստեղ կա «սահմանված նորմատիվ» հասկացությունը, այն կարգավորվում է Առողջապահության նախարարի 2002 թ. մարտի 6-ի` «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերը հաստատելու մասին» N 138 հրամանով:

Մեր օրենսդիրները մարդկանց հանգստի իրավունքները վեր են դասել հավաքների անցկացման ազատության իրավունքից: Ըստ այդմ` այդ իրավունքը կարող է սահմանափակվել, եթե ժամը 22.00-ից մինչև 8.00-ն ընկած հատվածում իրականացվող հավաքն ուղեկցվում է անձանց հանգիստը խանգարող աղմուկով կամ լուսային ազդանշաններով: Իրավախախտները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել