Քաղաքացին հայտնվել է «ՎՏԲ Հայաստան բանկ»- դատավոր պատնեշի արանքում

2013 թվականի մայիսի 29-ին քաղաքացի Սարգիս Խաչատրյանի և «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի միջև կնքվել է պայմանագիր և նրա ոսկյա իրերի դիմաց, որը ոսկերիչ մասնագետի կողմից գնահատվել է 3.042.070 դրամ, տրամադրվել է 3.000.000 դրամ գումարի չափով վարկ: Քաղաքացին պարտավորվել է մինչև 2014 թվականի մայիսի 29-ը մարել վարկը:

«Պայմանագրի կնքումից մեկ ամիս հետո բանկն ինձ տեղեկացրեց, որ վճարում կատարելու ժամանակ է: Ես ասացի, որ ըստ պայմանագրի, եթե ես վճարում չեմ կատարում, ապա դուք իրավունք ունեք իրացնելու իմ ոսկյա իրերը և վերջ: Բայց բանկից տեղեկացրին, որ դրանով չի վերջանում հարցը, քանի որ իրենք ինձ «ոսկյա իրերի արժեքից ավելի գումար են տվել»: Պայմանագրի 2.2 կետում նշված է, որ վարկի գումարի և ոսկյա իրերի գնահատված արժեքի հարաբերակցությունը կազմում է 98,62 տոկոս, և ես հարցնում եմ, բա այդ դեպքում ինչո՞ւ եք նշել պայմանագրում, որ իմ ոսկյա իրերն արժեն 3 միլիոն 42 հազար դրամ, բայց դուք տրամադրել եք 3 միլիոն: Ասում է, դա մենք մեր ներքին կանոնակարգով իրավունք ունենք»,- զարմացած պատմում է քաղաքացին:

Որքանո՞վ են իրավաչափ բանկի գործողությունները

Սարգիս Խաչատրյանի խոսքով` բանկի հետ կնքած պայմանագրի օրինակը կորցնելուց հետո, խնդրել է բանկին կրկնօրինակ տրամադրել, սակայն իրեն տրամադրված կրկնօրինակը ոչ ամբողջական է` թերի: Մասնավորապես` «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը հակընդդեմ հայցադիմումով դատարանից խնդրել է բռնագանձել պայմանագրի 11.1 կետով նախատեսված տոկոսադրույքը, սակայն իրեն տրամադրված պայմանագրի կրկնօրինակում 11.1 կետ չկա, ինչպես նաև ո՛չ բնօրինակ պայմանագրում, ո՛չ էլ կրկնօրինակում նշված չէ քաղաքացու բնակության վայրի կոնկրետ հասցեն:

Սարգիս Խաչատրյանը նշում է, որ իր ոսկյա իրերի կշռման ժամանակ ոսկյա զարդերից մի կտոր վերադարձրել են իրեն: «Այսինքն, եթե իմ տված ոսկյա իրերից մի քանիսն ինձ են վերադարձնում և վերցնում այնքան, որքան պետք է, հետո հայտնում, որ ոսկյա իրերի արժեքը ցածր է, այդ դեպքում ինչո՞ւ էր գործարքի ժամանակ հետ տալիս ոսկին: Կանխամտածված է արվել այդ ամեն ինչը»,- կարծում է քաղաքացին: Խնդիրը հասկանալու և կարգավորելու համար քաղաքացին դիմել է բանկի տնօրինությանը պայմանագրի կնքման պահի տեսագրությունը ստանալու համար, սակայն բանկը դիմումին չի պատասխանել:

Ըստ քաղաքացու` դատավոր Ալեքսեյ Սուքոյանը ծաղրում է իրեն

Սարգիս Խաչատրյանը 2013 թվականի հոկտեմբերին հայցադիմում է ներկայացնում դատարան` խնդրելով պայմանագիրը ճանաչել անվավեր և որպես վնասի հատուցում պարտավորեցնել պատասխանող կողմին գումար չպահանջել ոսկյա իրերը յուրացնելուց հետո: Քաղաքացին դատարանում իր շահերն անձամբ է պաշտպանում` խոհրդատվություն ստանալով Երևանի հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբանների կողմից:

«ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը հակընդդեմ հայցադիմումով հայցի դեմ ամբողջությամբ առարկել է` գտնելով, որ այն անհիմն է և ենթակա է մերժման:

«Խնդրում եմ պարտապան Սարգիս Մարտիրոսի Խաչատրյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 3.345.734.60 ՀՀ դրամ որպես վարկի ընդհանուր պարտքի և 66.914.70 ՀՀ դրամ նախապես մուծված պետտուրքի գումարը: Ժամկետանց վարկի մնացորդի` 3.000.000 ՀՀ դրամի և տույժի նկատմամբ հաշվարկը 21.10.2013 թվականի մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0.2 տոկոսով` յուրաքանչյուր ուշացած օրվա համար և բռնագանձել` հիմք ընդունելով Պայմանագրի 11.1 կետով նախատեսված տոկոսադրույքը»,- գրված է հակընդդեմ հայցադիմումում:

Նշենք, նաև որ պատասխանող կողմը չի ներկայանում դատական նիստերին. դատարանից խնդրել է վեճը լուծել իրենց բացակայությամբ (այս պարագայում կողմի իրավունքն է դատարան ներկայանալը, ոչ թե պարտականությունը):

Սարգիս Խաչատրյանի խոսքով` դատավորը, կարելի է ասել, գաղտնի է նշանակում դատական նիստերը, քանի որ ինքը չի ծանուցվում կամ եթե ծանուցվում է, ապա դատական նիստից հետո:

«Մի օր պատահական զանգեցի նիստերի քարտուղարին, անուն, ազգանունս ասացի, հարցրեցի ե՞րբ դատական նիստ ունեմ, ասում է այսօր ժամը 15-ին: Գնացել եմ դատարան, դատավորին ասում են` ես այսօր դատական նիստ չունե՞մ, ասում է դուք որտեղի՞ց իմացաք, որ այսօր դատական նիստ ունեք` փոխարեն ծանուցման վերաբերյալ բան ասի, որ չեմ ծանուցվել…»,- պատմում է Սարգիս Խաչատրյանը:

Քաղաքացին զարմացած պատմում է, որ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը չի թողնում իրեն ապացույց ներկայացնել. «Միջնորդել էի պայմանագրի կնքման պահի տեսագրությունն իրեղեն ապացույց ճանաչել: Մի նախադասությամբ ասաց, որ դա մեզ պետք չի»:

Նրա կարծիքով` դատավորը կողմնապահություն է անում. «Ասում է ինչո՞ւ պատասխանող կողմին չեք ուղարկում դատարանին ներկայացված միջնորդությունները: Չի նայում, որ այդ փաստը հաստատող անդորագիրը կցված տվել եմ իրեն, բայց մոռանում է հակընդդեմ հայցի օրինակ պատասխանող կողմն ինձ չի տվել: Ես եմ դատարանից վերցրել 4 ամիս հետո»:

Քաղաքացին 2014 թվականի փետրվարին գրավոր դիմում է ներկայացրել «ՎՏԲ-Հայաստան բանկ»` պարզելու համար, թե որքան է կազմում ոսկյա իրերի արժեքից ավելի տրամադրված վարկի գումարը, որպեսզի հասկանա վնասի հատուցման չափը, սակայն պատասխան չի ստացել: Նույն հարցը և ոսկու` 583 և 750 հարգի մեկ գրամի արժեքը պարզելու համար դատարան միջնորդություն է ներկայացնում փորձաքննություն նշանակելու մասին: Ըստ հայցվորի` մյուս դատական նիստին դատավորը չի հիշում, թե ինչ միջնորդություն է ներկայացրել:

«Ձայնագրառումն անջատել է տալիս, ասում է` մինչև չասեմ, չմիացնեք: Ասում եմ, ի՞նչ իրավունք ունեք… Ինձ ծաղում է… Ասում է ձեր գործը շատ երկար է տևելու, ասում եմ անորոշ ժամանակո՞վ, ասում է` շատ-շա՜տ անորոշ»,- պատմում է քաղաքացին:

Հայցվոր կողմի միջնորդությունը բավարարվել է, և դատավորի 2014 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն` կասեցվելով գործի վարույթը:

Այս պահին Սարգիս Խաչատրյանը նոր ապացույցներ է հավաքում դատարան ներկայացնելու համար:

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել