Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստի ժամանակ լարված իրավիճակ էր:
Այսօրվա նիստի ժամանակ մեղադրանքի պաշտպանությունը լիազորվել է դատախազ Կարեն Հարությունյանին, քանի որ այս գործով դատախազ Վարդան Պապիկյանը մասնակցում է վերապատրաստման դասընթացների:
Դատավորը չէր կարողանում սկսել դատական նիստը: Մասնակիցները բողոքում էին, որ ձայնը ցածր է և լսելի չէ: Պահանջում էին բարձրախոս: Դատավորը մի քանիսին նկատողություն արեց` պահանջելով ներողություն խնդրել նիստը ընդմիջելու համար: Ապա տեսնելով, որ պահանջը չեն կատարում, հանձնարարեց կարգադրիչներին դուրս հրավիրել նրանց դահլիճից: Ազատամարտիկի ընկերներից Սուսաննա Մարգարյանը պատասխանեց. «Ներողություն հայ ժողովրդին»:
Այս պատասխանը դատավորին չբավարարեց, նա պահանջեց ներողություն խնդրել նաև դատարանից. «Ես ասեցի, ներողություն հայ ժողովուրդ, ինչի դուք հայ չեք»,- ասաց Սուսաննա Մարգարյանը:
Միայն դրանից հետո դատավորը կարողացավ կարգուկանոն հաստատել նիստերի դահլիճում:
Նախագահող դատավոր Լևոն Ավետիսյանը նախ ներկայացրեց նոր դատախազին, ապա անդարադարձավ նախորդ նիստի ժամանակ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած միջնորդությանը: Վերջինս պահանջում էր փոփոխել որպես կալանք ընտրված խափանման միջոցը գրավով:
Դատախազը առարկեց նշված միջնորդությանը` փաստարկելով, որ նման միջնորդություններ նախորդ նիստերի ժամանակ ևս ներկայացվել են և մերժվել դատական նիստը խոչընդոտելու և անօրինական ազդեցություն ունենալու հիմքով: Հետևաբար այս միջնորդությունը ևս ենթակա է մերժման:
Դատավորը գնաց խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Կես ժամ անց վերադարձավ` մերժելով ներկայացված միջնորդությունը:
Լարված իրավիճակ է ոչ միայն նիստերի դահլիճում, այլ նաև դահլիճից դուրս: Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են նիստերի դահլիճի մուտքի մոտ և ցանականում են մասնակցել դատական նիստին, բայց քանի որ դահլիճում տեղ չկա նրանց մուտքը կարգադրիչները արգելում են: Դա էլ առաջացնում է դրսում հավաքվածների զայրույթը:
Արև Ավագյան