Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

«Ես իմ հորից անգամ ներողություն չեմ խնդրել». միջադեպ Վոլոդյա Ավետիսյանի նիստի ժամանակ

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանն այսօր դատական նիստի ժամանակ դատարանին ներկայացրեց դատախազ Հենրիկ Պապիկյանին բացարկ հայտնելու միջնորդություն:

Ըստ պաշտպանի՝ գործով թույլ են տրվել Քրեադատավարական օրենքի էական և կոպիտ խախտումներ, կամայականորեն սահմանափակվել են պաշտպանական կողմի իրավունքները, որոնք կատարվել են մինչդատական վարույթի նկատմամբ դատավարական վերահսկողություն իրականացնող մեղադրող Պապիկյանի գիտությամբ և համաձայնությամբ, որն էլ կասկածի տակ է դնում նրա անաչառությունն այս գործով:

Արա Զաքարյանը նշեց, որ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և այլ անձի ցուցմունքներում: Նրա կարծիքով՝ այս գործով եղել են հակասություններ Վոլոդյա Ավետիսյանի և մի քանի վկաների ցուցմունքների մեջ, սակայն քննիչը հրաժարվել է կատարել առերեսումներ:

Ընդ որում՝ այն վկաները, որոնք Վոլոդյա Ավետիսյանի ցուցմունքին հակասող ցուցմունքներ են տվել, նիստի ժամանակ պարզվեց, որ բացակայում են երկրից:

Պաշտպանի խոսքով՝ առերեսում կատարելուց հրաժարվելով՝ մեղադրողը զրկել է Վոլոդյա Ավետիսյանին այդ անձանց հետ առերես հարցաքննվելու եղանակով վերջիններիս հայտնած տեղեկությունների արժանահավատությունը վիճարկելու հնարավորությունից:

Միջնորդության ընթերցման ավարտելուց հետո նիստերի դահլիճում հավաքված անձինք սկսեցին ծափահարել: Դատավոր Լևոն Ավետիսյանը մի քաղաքացուց պահանջեց ներողություն խնդրել դատարանից առաջինը ծափահարելու համար կամ դուրս գալ դատական նիստերի դահլիճից: Քաղաքացին նշեց, որ տեղյակ չի եղել, թե չի կարելի ծափահարել, ապա ավելացրեց, որ ինքն անգամ իր հորից ներողություն չի խնդրել և բարկանալով դուրս եկավ նիստերի դահլիճից:

Դատախազը դատարանին խնդրեց մերժել միջնորդությունը:

Դատավոր Լևոն Ավետիսյանը գնաց խորհրդակցական սնեյակ և վերադառնալով մերժեց միջնորդությունը:
Դատական նիստը շարունակվում է:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել