Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 22-ի երեկոյան որոշում է կայացրել կալանավորվել ղարաբաղյան պատերազմի մասնակից, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Համաձայն պաշտպանության նախարարության քննչական ծառայության ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով, Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար։
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանն իր ազատամարտիկ ընկերների հետ մայիսից նստացույց էր հայտարարել Ազատության հրապարակում՝ պահանջելով բարելավել ազատամարտիկների սոցիալական պայմանները։
Մարդու իրավունքների պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորդհրդական Երանուհի Թումանյանցը և Արագ արձագանքման բաժնի պետ Անդրեյ Աղամալյանը Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալումից հետո այցելել էին ձերբակալվածների պահման վայրում գտնվող ազատամարտիկին: Նրա հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում Վ. Ավետիսյանը որևէ բողոք չէր ներկայացրել, նշել էր, որ ձերբակալումը կապ չունի իր՝ վերջին շրջանում ծավալած հասարակական ակտիվ գործունեության հետ և հավաստիացրել, որ իր նկատմամբ որևէ ճնշում չի գործադրվել:
Իրավաբան.net