Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ի՞ նչ ապացույցների հիման վրա դատարանը Վոլոդյա Ավետիսյանին մեղավոր ճանաչեց. դատարանի վերլուծությունը

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Լևոն Ավետիսյանի նախագահությամբ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին դատապարտեց 6 տարվա ազատազրկման:

Նա մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ (խարդախությունը, որըկատարվելէ խոշոր չափերով) և 5-րդ կետերով (խարդախությունը, որըկատարվելէ կաշառք ստանալու պատրվակով) և ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ (խարդախության փորձ,որըկատարվելէ կաշառք ստանալու պատրվակով):

178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով Վոլոդյա Ավետիսյանը  դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով, 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով` 2 տարի 6 ամիս:

Պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վոլոդյա  Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 6 տարի ժամկետով:
Ինչպես նաև հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել պետք է բռնագանձել 2000 ԱՄՆ դոլարին համարժեք 814.260 ՀՀ դրամ, որպես հանցավոր ճանապարհով ստացված գումար:

Ստորև ներկայացնում ենք դատարանի վերլուծությունն առանց մեկնաբանության.

Գործի դատավարական նախապատմությունը

2013 թվականի սեպտեմբերի 20-ին Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է: Երկու օր անց նա ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեկ ամիս անց` Վոլոդյա  Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 5-րդ կետերով:

2014 թվականի փետրվարի 14-ի որոշմամբ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ ու 5-րդ կետերով:

2014 թվականի մարտի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Գործի փաստական հանգամանքները

Ըստ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքի` Վոլոդյա Ավետիսյան, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր` որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը, դիմել է խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել վերջինիս որդու ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը:

Սակայն, չունենալով նման պայմանավորվածություն, 2013 թվականի հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի` 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար: Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:

Բացի այդ, Վոլոդյա Ավետիսյանը խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով  Մեծ Սարիար համայնքի բնակիչ Հենրիկ  Զաքարյանի մոտ ձևավորված վստահությունը, դիմել է խաբեության, թե որոշ պաշտոնատար անձանց միջոցով կարող է 5000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատել նրա թոռանը`  Հենրիկ Հայկազի Հարոյանին:

Չունենալով նման պայմանավորվածություն` Հենրիկ Զաքարյանից վերցրել է խոշոր չափերի 814.260 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար և հափշտակել այն` գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար:

Ապացույցների հետազոտում

Ամբաստանյալ Վոլոդյա Ավետիսյանը նախաքննության և դատաքննության ժամանակ, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվել է ցուցմունքներ տալ:

Ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորվել է քրեական գործով ձեռք բերված հետևյալ ապացույցներով.

Վկա Հենրիկ Մկրտիչի Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր դուստրը` Լուսինեն, ընտանիքի հետ միասին բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում: Նրա որդին` Հենրիկ Հայկազի Հարոյանը 2013 թվականի աշնանը պետք է զորակոչվեր ՀՀ զինված ուժեր: 2013 թվականի ամռանն իրեն զանգահարել են Լուսինեն և նրա ամուսինը Հայկազը, փոխանցել Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարն ու ասել, որ զանգահարի այդ հեռախոսահամարով, հանդիպի Վոլոդյա Ավետիսյանի հետ:

Թոռն երկու անգամ ավտովթարի է ենթարկվել և գլխի, դաստակի, ոտքի, երիկամների հետ կապված խնդիրներ ունի: Ինքը զանգահարել և հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանի հետ Էջմիածին քաղաքում: Վոլոդյա Ավետիսյանն իրեն ասել է, որ եթե տղան իսկապես հիվանդ լինի, նա առանց դժվարության կազատվի զինծառայությունից կամ ծառայության կուղարկվի բնակավայրին մոտ գտնվող զորամասերից մեկում: 2013 թվականի օգոստոսի սկզբին թոռը` Հենրիկ Հարոյանը վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, որի հետ նրա հայրը 2.000 ԱՄՆ դոլար գումար է ուղարկել իրեն: 2013 թվականի օգոստոսի կեսերին թոռների` Հենրիկ և Գրիգոր Հարոյանների հետ գնացել է Էջմիածին քաղաք, մի կամուրջի մոտ հանդիպել Վոլոդյա Ավետիսյանին ու նրան է տվել 2.000 ԱՄՆ դոլար գումար: Երբ վերադարձել են տուն, հիշել է, որ թոռան տվյալները չի փոխանցել Վոլոդյա Ավետիսյանին: Զանգահարել է նրան ու հայտնել այդ մասին, ապա թելադրել է թոռան` Հենրիկ Հարոյանի տվյալները: Ինքը Վ.Ավետիսյանի հետ հեռախոսակապ է պահպանել։ Մեկ անգամ էլ ինքը թոռան Հենրիկ Հարոյանի հետ Վոլոդյա Ավետիսյանին հանդիպել է Գյումրի քաղաքում, ով թոռից հետաքրքրվել է առողջական խնդիրների մասին: Ինքն այդ գումարը տվել է թոռանը մոտ զորամասում ծառայության նշանակելու հարցում աջակցելու համար, քանի որ թոռը առողջական լուրջ խնդիրներ ունի, իրենք էլ տարեց մարդիկ են, չէին կարող գնալ գալ, իսկ հայրն ու մայրը Հայաստանում չեն: Վոլոդյա Ավետիսյանն իրենից պահանջել և ստացել է 2.000 ԱՄՆ դոլար գումար, որպեսզի սկսվի բժշկական հետազոտությունների և բժշկական փաստաթղթերի ձևակերպման գործընթացը: Հայտնել է, որ ինքը Վ.Ավետիսյանին չի դիմել իր թոռանը ծառայությունից ազատելու հարցով: Վոլոդյա Ավետիսյանը վերցված 2.000 ԱՄՆ դոլար գումարով պետք է աջակցեր թոռանը հիվանդանոցում տեղավորելու, նրան հետազոտելու հարցում և այդ արդյունքները հետագայում օգտագործեր թոռանը իրենց բնակավայրին մոտ զորամասում ծառայության նշանակելու հարցում:

Դատարանում տված ցուցմունքի և նախաքննական ցուցմունքի միջև հակասություններ են եղել, որոնց վկան  հետևյալ կերպ է պարզաբանել.

«Ճիշտ է խոսել են, որ հիվանդությունների հետ կապված ազատվի, բայց իրենք ազատելու համար գումար չեն առաջարկել, այլ միայն մոտ տեղ ծառայելու համար։ Խոսակցություն գնացել է, բայց իրենք չեն համաձայնել, որպեսզի թոռն ազատվի զինվորական ծառայությունից։ Գումարը Վոլոդյային է տվել հիվանդանոցի ծախսերի և թոռանը իրենց բնակավայրին մոտ զորամասում տեղավորելու համար։ 5000 դոլլարի հետ կապված խոսակցություն եղել է, եթե թոռան ծնողները համաձայնեին, բայց ծնողները չեն համաձայնել: Ինքը Վ. Ավետիսյանին ասել է, որ պետք չէ ազատել, թող գնա ծառայի։ Իրենց նպատակը եղել է միայն երեխային մոտ տեղ տեղավորելը։ Ինքը դա կաշառք չի համարում։ Հետո է տեղեկացել, որ դա կաշառք է։ Ամբաստանյալի նկատմամբ ինքը ոչ մի պահանջ չունի»։

Վկա Զոյա Գուրգենի Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր դուստրերից Լուսինե Հարոյանը 2011 թվականի հունիսից ընտանիքի հետ բնակվում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա քաղաքում: Լուսինեն կամ Հայկազը (նրա ամուսինը) ամռանը զանգահարել է իր ամուսնուն` Հենրիկ Զաքարյանին, հեռախոսահամար է փոխանցել և խնդրել, որ այդ համարով զանգահարի զինվորական Վոլոդյա Ավետիսյանին, հանդիպի նրա հետ ու պարզի, թե նա ինչով կարող է օգնել իրենց թոռանը` Հենրիկ Հարոյանին զինվորական ծառայությունից ազատելու հարցում: Իր թոռը Մոսկվայում երկու անգամ վրաերթի էր ենթարկվել, մի շարք առողջական խնդիրներ ուներ, այդ թվում նաև գլխի հետ կապված խնդիրներ: Իր ամուսինը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանին, զրուցել նրա հետ: Վերջինս խոստացել է օգնել այդ հարցով և դրա համար ինչ-որ գումար է պահանջել: Նրանց խոսակցության մանրամասնություններին տեղյակ չէ:

Գումարի չափի մասին ինքը հետո է իմացել: Լսել է, որ Վոլոդյա Ավետիսյանը 2000 դոլար գումար է ուզել երեխային մոտ զորամաս տեղավորելու կամ զինծառայությունից ազատելու համար: 2013 թվականի օգոստոսին թոռը` Հենրիկ Հարոյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է Հայաստան, քանի որ զորակոչի համար պետք է ներկայանար Գյումրու զինկոմիսարիատ: 2013 թվականի օգոստոսի կեսերին ամուսինն ու թոռները` Հենրիկ և Գրիգոր Հարոյանները գնացել են Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման, որի համար ամուսինն իր հետ տանից վերցրել է դստեր ուղարկած 2.000 ԱՄՆ դոլար գումարը: Թե որտեղ են հանդիպել ինքը չգիտի: Այդ գումարը տալու ժամանակ իր թոռներն են ներկա եղել, սական իր հարցին պատասխանել են, որ իրենք ավտմեքենայի մեջ են եղել, իսկ Հ.Զաքարյանը և Վ.Ավետիսյանը հեռվում խոսել են իրար հետ: Հանդիպման վայրը ինչ-որ կամրջի տակ է եղել: Ինքը չի հիշում, նրանք երկրորդ անգամ հանդիպել են, թե ոչ:

Նախաքննության ընթացքում վկա Օսաննա Հենրիկի Զաքարյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականի ամռան ամիսներին Լուսինեն կամ նրա ամուսինը զանգահարել է հորը և փոխանցել Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարը: Միաժամանակ նրանք խնդրել են որպեսզի հայրը զանգահարի և հանդիպի նրա հետ, պարզի, թե նա ինչով կարող է օգնել քրոջ որդուն` Հենրիկ Հարոյանին զինվորական ծառայությունից ազատելու հարցում, քանի որ քրոջ որդին առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: 2013 թվականի հուլիս ամսին հայրը հանդիպել է Վոլոդյա Ավետիսյանին, զրուցել նրա հետ, որից հետո, իրենց պատմել է, որ վերջինս խոստացել է օգնել Հենրիկ Հարոյանին զինվորական ծառայությունից առողջական խնդիրների պատճառով ազատելու հարցում, որի համար ինչ-որ գումար է պահանջել, սակայն գումարի չափը չգիտի:

Դրանից հետո հայրը զանգահարել է Լուսինեին և պատմել Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման և նրա հետ ունեցած խոսակցության մասին: 2013 թվականի օգոստոսի 4-ին Հենրիկ Հարոյանը Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել է Հայաստանի Հանրապետություն, քանի որ պետք է ներկայանար Գյումրու զինկոմիսարիատ: 2013 թվականի օգոստոսի կեսերին հայրը քրոջ որդիների Հենրիկ և Գրիգոր Հարոյանների հետ գնացել է Վոլոդյա Ավետիսյանի հետ հանդիպման, որտեղ հայրը Վոլոդյա Ավետիսյանին 2.000 ԱՄՆ դոլար գումար է տվել, որպեսզի վերջինս կարգավորի Հենրիկ Հարոյանի զինվորական ծառայությունից ազատվելու հարցը: Դրանից հետո 2013 թվականի սեպտեմբերի 19-ին Վոլոդյա Ավետիսյանը եկել է Գյումրի քաղաք և հանդիպել հոր և Հենրիկ Հարոյանի հետ, որպեսզի ծանոթանա վերջինիս առողջական խնդիրներին: Հաջորդ օրը տեղեկացել է, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է` իր հորից խարդախությամբ 2.000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար:

Նախաքննության ընթացքում վկա Վարդան Գրիգորի Կարապետյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Վոլոդյա Ավետիսյանին ճանաչել է 2007-2008 թվականներից, երբ նա 69334 զորամասում նշանակվել է զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ: 2013 թվականի հուլիսի կեսերին կամ վերջերին Վոլոդյա Ավետիսյանը զանգահարել է իրեն և խնդրել, որպեսզի ինքն օգնի Շիրակի մարզի բնակիչ մի զինակոչիկի զինվորական ծառայությունից ազատելու հարցումկամ հետաձգել նրա զինվորական ծառայության զորակոչվելը` երեք տարի ժամկետով: Նրան հարցրել է, թե արդյոք այդ զորակոչիկը որևէ հիվանդություն ունի:

Վոլոդյա Ավերտիսյանից տեղեկացել է, որ երեխան հիվանդություն ունի, սակայն, թե ինչ հիվանդություն` չի նշել: Նա նաև հայտնել է, որ խոսքը ընկերոջ երեխայի մասին է, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և զինվորական ծառայությունից ազատվելու հարցով պետք է վերադառնա Հայաստանի Հանրապետություն: Նրանից հարցրել է երեխայի տվյալները, սակայն նա պատասխանել է, որ դրանք կհայտնի, երբ գործը կստացվի: Չցանկանալով նեղացնել Վոլոդյա Ավետիսյանին, հաշվի առնելով իրենց վաղեմի ընկերական փոխհարաբերությունները և չցանկանալով, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանը մտածի, թե անցել է թոշակի, որի պատճառով չի ցանկանում որևէ կերպ օգնել նրան, սակայն, միևնույն ժամանակ հասկանալով, որ Վոլոդյա Ավետիսյանն անօրինական գործողություններ է ցանկանում կատարել, նրան ասել է, որ կհետաքրքրվի, թե ով կարող է օգնել այդ հարցով և ինչով կարող է կաջակցի նրան: Որևէ մեկին նման հարցով չի դիմել և նման մտադրություն չի ունեցել, պարզապես չի կարողացել անմիջապես մերժել Վոլոդյա Ավետիսյանին:

Դրանից որոշ ժամանակ անց, Վոլոդյա Ավետիսյանը կրկին զանգահարել է իրեն և հետաքրքրվել, թե ինչ նորություն ունի նրա խնդրած հարցի մասին: Նրան պատասխանել է, որ այն անձը, ում պետք է հանդիպի այդ հարցով, բացակայում է Հայաստանի Հանրապետությունից, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և երբ վերադառնա, կհայտնի նրան այդ մասին` այդ կերպ ցանկանալով ազատվել Վոլոդյայի զանգերից: Դրանից հետո զանգահարել է Վոլոդյա Ավետիսյանին ու հայտնել, թե երեխայի հարցով գնացել է զինկոմիսարիատ, սակայն այդ անձը դեռ չի եկել Ռուսաստանի Դաշնությունից: Վոլոդյա Ավետիսյանն ասել է, որ բջջային հեռախոսը հնարավոր է, որ լսվում է: Այդ պատճառով նա այլ հեռախոսահամար է տվել, որ ինքը դրանով զանգահարի նրան: Որոշ ժամանակ անց, մոտավորապես 2013 թվականի սեպտեմբերի սկզբին, Վոլոդյա Ավետիսյանը զանգահարել է և ասել, որ կոդերով խոսեն միմյանց հետ, որ եթե, նույնիսկ, իրենց հեռախոսազանգը լսվի, ապա ոչ ոք չհասկանա, թե ինչի մասին են խոսում: Վոլոդյան իրեն ասել է, որ այն երեխային, որի համար ինքն ասել էր, Ռուսաստանի Դաշնությունից կանչել է և նա եկել է Հայաստան: Ինքն էլ իր հերթին նրանա սել է, որ այն անձը ում պետք է այդ գործով տեսներ ու զրուցեր, դեռ չի եկել:

2013 թվականի սեպտեմբերի կեսերին Վոլոդյա Ավետիսյանը մի քանի անգամ զանգահարել է իրեն, սակայն նրա հեռախոսազանգերին չի պատասխանել, քանի որ բջջային հեռախոսն իր մոտ չի եղել: Երբ մոտեցել է հեռախոսին և տեսել Վոլոդյայի զանգերը, այդ հարցի շուրջ խոսակցությունները վերջնականապես դադարեցնելու նպատակով, Վոլոդյա Ավետիսյանին հայտնել է, թե գնում է այն անձին հանդիպելու, սակայն որևէ մեկին չի հանդիպել և որևէ հարցով չի դիմել: Քիչ անց ինքը զանգահարել է Վոլոդյա Ավետիսյանին և հայտնել, թե հանդիպման ժամանակ այդ մարդը հրաժարվել է գործը անել: Ընդհանրապես ոչ ոք նման գործ չի անում: 2013 թվականի սեպտեմբերի վերջին իրենց զորամասի սպաներից մեկից տեղեկացել է, որ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալել են, սակայն, թե ինչի համար չի իմացել:

Վկա Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ որդին` Արթուր Մաթոսյանը 2013 թվականի հունիսի 28-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:

Մինչև նրա զորամաս հասնելը, շատ դժվարությունների են հանդիպել, քանի-որ զորամասը գտնվում էր հեռավոր բնակավայրում: Տեսնելով, թե ինչ պայմաններում է ծառայում իրենց որդին, իրենք փորձել են միջոցներ ձեռնարկել, որպեսզի որդուն նշված զորամասից տեղափոխեն մեկ այլ, ավելի մոտ գտնվող զորամաս: Իր կինը Անժելյա Պողոսյանը բոլոր բարեկամների և ծանոթների հետ որդու ծառայության վերաբերյալ զրուցելիս, լաց է եղել, հուզվել և բողոքել նրա ծառայության վայրից:

Նման զրույց է ունեցել նաև իր ուսանողական ընկերուհու Ծովինար Եղոյանի հետ, որի ընթացքում վերջինս ասել է, որ իր մորեղբոր որդին` Վոլոդյա Ավետիսյանը զինվորական է, ազատամարտիկ, մեծ կապեր ունի զինվորական հրամանատարության շրջանում և կդիմի նրան: Դրանից հետո` 2013թ. հուլիսի 28-ին Ծովինար Եղոյանը զանգահարել է կնոջը և ասել, որ խոսել է Վ.Ավետիսյանի հետ ու նա կարող է 500 ԱՄՆ դոլար գումարով կարգավորել որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի ինքը հանդիպի Վոլոդյա Ավետիսյանին ու զրուցի նրա հետ: Հաջորդ օրը 2013 թվականի հուլիսի 29-ի առավոտյան իրենց տան հեռախոսահամարին զանգահարել է Ծովինար Եղոյանը և փոխանցել Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսահամարը, որից հետո ինքը զանգահարել է Վ.Ավետիսյանին: Հեռախոսազրույցի ժամանակ Վոլոդյան ասել է, որ ինքը պատրաստված գնա: Նույն օրը ժամը 13-ի սահմաններում օպերայի շենքի մոտակայքում հանդիպել է նրան և զրուցել: Վոլոդյա Ավետիսյանն ասել է, որ խոսել է վերադաս հրամանատարության հետ և նրանք կարող են իր որդուն նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակել:

Ինքը Վ.Ավետիսյանից հետաքրքրվել է, թե արդյոք կարող է որդուն Մատաղիսի զորամասից տեղափոխել Ստեփանակերտ քաղաքի զորամասերից մեկը և այնտեղ համակարգչային օպերատոր նշանակել, ինչին նա պատասխանել է, որ դա իր ուժերից վեր է և միայն պաշտպանության նախարարը կարող է լուծել նման հարց: Հանդիպման ժամանակ 500 դոլարի մասին խոսակցություն չի եղել: Վոլոդյա Ավետիսյանի պահվածքից հասկանալով, որ իրենից գումար ստանալու ակնկալիք ունի, ինքը նրան ասել է, որ ի նկատի կունենա նրա առաջարկը, կմտածի այդ մասին: Հանդիպումից հետո վերադառնալով տուն կնոջը պատմել է իր ու Վոլոդյա Ավետիսյանի միջև եղած խոսակցությունը, որից հետո միասին որոշել են չօգտվել նրա ծառայություններից: Նույն օրը կինը զանգահարել է Ծովինար Եղոյանին և ասել, որ Վ.Ավետիսյանի առաջարկից չեն օգտվի

Վկա Անժելյա Հենդրիկի Պողոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2013 թվականի հունիսի 28-ին իր որդուն զորակոչել են բանակ: Ինքն ամուսնուն խնդրել է, որ իրեն տանի Մատաղիս, որպեսզի տեսնի, թե որտեղ է ծառայում որդին: Մեծ դժվարությամբ հասել են զորամաս ու թույլ են տվել, որ տղային տեսնեն ընդամենը 10 րոպեով: Տղան իրեն շատ վատ է զգացել, քանի որ ջրից, թե կերակրից շատ նիհարած է եղել: Դրանից ինքը շատ անհանգիստ է եղել, գիշեր ցերեկ լաց է եղել: Երբ ընկերուհին` Ծովինար Եղոյանը զանգահարել է իրեն, ինքը պատմել է այդ մասին:

Ծովինարը խոստացել է ինչ-որ բանով օգնել: Մի քանի օրից նա զանգահարել և ասել է, որ իր մորաքրոջ տղան զինծառայող է, ով կարող է իրենց օգնել և հարցրել, թե իրենք ինչ են ուզում: Ինքն ասել է, որ լսել են, որ Ստեփանակերտում ինչ-որ կենտրոն կա, որտեղ համակարգչային մասնագետներ են ծառայում: Եթե հնարավոր է որդուն այդտեղ տեղավորել: Հետո Ծովինարը Վոլոդյայի հետ պայմանավորվելուց հետո տվել է Վոլոդյայի հեռախոսահամարը: Ամուսինը զանգահարել է Վոլոդյային, պայամանավորվել են հանդիպել օպերայի բակում: Ամուսինը բարկացել է իր վրա, քանի որ Ծովինարն իրենց ասել էր, որ Վ.Ավետիսյանը կարող էր տղային տեղավորել նույն զորամասում համակարգչային օպերատոր, բայց իրենք դա չէին ուզում: Ուզում էին, որ տղան Մատաղիսի զորամասում չծառայի:

Քանի որ Ծովինարը այդքան անհանգստացել էր, այդքան բան էր արել, դրա համար ինքը խնդրել է ամուսնուն, որ Վոլոդյայի հետ հանդիպի: Ամուսինը գնացել է Վոլոդյայի հետ հանդիպման, բայց իրենք ի սկզբանե մտադիր չեն եղել Վ.Ավետիսյանին գումար տալ այդ գործի համար: Ամուսինը Վոլոդյային խնդրել է, որ եթե հնարավոր է, որդուն տեղափոխեն ուրիշ զորամաս, ինչին Վոլոդյան պատասխանել է, որ դա իր ուժերից վեր է և չի կարող այդ հարցը լուծել: Որոշ ժամանակ անց իրենց տուն են գնացել ռազմական ոստիկանության աշխատողներ ու առաջարկել իրենց հետ գնալ ոստիկանություն:

Ինքը շատ է անհանգստացել, քանի որ մինչ այդ զանգահարել է իր որդին ու ասել, որ նրան տեղափոխում են ուրիշ զորամաս` Ջաբրահիլ, ուրիշ ոչինչ չի ասել: Այդ խոսակցությունը նոր էր ավարտվել, որ իրենց տուն են գնացել ոստիկանության աշխատողներ և տարել իրենց ռազմական ոստիկանություն: Ինքը շատ անհանգիստ է եղել, հարցրել թե ինչ է պատահել որդու հետ, ասել են, որ ոչ մի բան չկա տղայի հետ կապված: Գնացել են ոստիկանություն, իրեն ու ամուսնուն առանձնացրել են տարբեր սենյակներում: Միայն մի պահ դռան կողքից ամուսինը ասել է, որ ամբողջ մեղավորը իր ընկերուհի Ծովիկն է, ով ցուցմունք է տվել, որ Վոլոդյային իրենք փող են տվել: Ինքն ասել է, որ իր ամուսինը ոչ ոքի փող չի տվել, ճիշտ է խոսակցություն եղել է, բայց գումար չեն տվել:

Նախաքննության ժամանակ տված ցուցմունքի հակասության հետ կապված Անժելյա Պողոսյանը հայտնել է, որ 500 դոլարի վերաբերյալ խոսակցությունը եղել է, ուղղակի ինքը չի հիշել, դրա համար չի ասել: Պնդել է նախաքննության ընթացքում տված ցուցմունքը:

Վկա Անահիտ Ալբերտի Մաթոսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ եղբայրը` Արթուր Մաթոսյանը 2013թ. հունիսի 28-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր և ծառայության նշանակվել ԼՂՀ Մատաղիսում տեղակայված զորամասում: Ծառայության զորակոչվելուց մեկ շաբաթ անց մայրը և հայրը այցելության են գնացել նրան: Վերադառնալուց հետո վերջիններս դժգոհել են, որ զորամասը շատ հեռու է գտնվում, ճանապարհը դժվարանցանելի: Մայրը մտահոգված է եղել: Ընկերուհիներին ու բարեկամներին պատմել և հուզվել է, անընդհատ միջոցներ է փնտրել, որպեսզի ինչ-որ կերպ իր եղբորն այդ զորամասից տեղափոխեն Ստեփանակերտ քաղաքին մոտ զորամաս:

Մորից տեղեկացել է, որ ընկերուհիներից Ծովինարի հետ զրուցելիս, վերջինս ասել է, որ բարեկամը զինվորական է և հնարավոր է, որ նա կարողանա օգնել եղբորն այդ զորամասից տեղափոխելու հարցում: 2013թ. հուլիսին, օրը կոնկրետ չի հիշում, հայրը գնացել և հանդիպել է Ծովինարի բարեկամ զինվորականի հետ: Ծնողներից տեղեկացել է, որ Ծովինարի բարեկամ Վոլոդյա Ավետիսյնաը հորն առաջարկել է 500 ԱՄՆ դոլար գումարով եղբորը նույն Մատաղիսի զորամասում համակարգչային օպերատոր նշանակել, սակայն հայրը չի համաձայնել:

Հայտնել է նաև, որ իրենց տուն են գնացել ոստիկանության աշխատակիցներ և մորն ու հորը հրավիրել ռազմական ոստիկանություն: Երբ զանգահարել է հորը, նա ասել է, որ Ծովինար Եղոյանը ցուցմունք է տվել, թե հայրը Վոլոդյային կաշառք է տվել: Դրանից հետո ինքը զանգահարել է Ծովինարին և հարցրել այդ մասին: Ծովինարը ասել է, թե ինչ ցուցմունքի մասին է խոսքը, ինքն ընդհանրապես տեղյակ չէ և անհանգստացել է:

Նախաքննության ընթացքում վկա Ծովինար Փայլակի Եղոյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր ուսանողական ընկերուհու Անժելյա Պողոսյանի որդին ամռան ամիսներին զորակոչվել է բանակ և ծառայության նշանակվել Արցախի տարածքում տեղակայված զորամասերից մեկում, սակայն, թե կոնկրետ որ զորամասում չգիտի: Անժելյա Պողոսյանն իր հետ հեռախոսազրույց ունենալիս միշտ դժգոհել է որդու ծառայությունից, քանի որ որդին ծրագրավորող է, լավ մասնագետ և ցանկանում էր, որ որդին ծառայի իր մասնագիտությամբ:

Տեսնելով Անժելյա Պողոսյանի ապրումները և ցանկանալով ինչ-որ կերպ օգնել նրան, 2013թ. հուլիսի վերջերին նրա հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ մորեղբոր որդին` Վոլոդյա Ավետիսյանը, գնդապետ է: Նրան կխնդրի, որպեսզի օգնի Անժելյայի որդու ծառայության հարցով: Անժելյային ասել է, որ մորեղբոր որդին Վոլոդյա Ավետիսյանն է, որը ազատամարտիկ է և ցույցեր է կազմակերպում Ազատության հրապարակում: Հաջորդ օրը գնացել է Ազատության հրապարակ, հանդիպել Վոլոդյա Ավետիսյանին և խնդրել, որ օգնի ընկերուհու որդուն տեղափոխվել ավելի լավ զորամաս, կամ ծառայության վայր, որտեղ նա համակարգչային օպերատոր նշանակվի:

Վոլոդյան խոստացել է օգնել: Դրանից մի քանի օր անց զանգահարել է Վոլոդյա Ավետիսյանին և տեղեկացել, որ նա խոսել է ինչ-որ ընկերոջ հետ և կարող են Անժելյայի որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակել` 500 ԱՄՆ դոլարի դիմաց: Այդ մասին տեղեկացրել է Անժելյա Պողոսյանին, որից հետո նույն կամ դրա հաջորդ օրը իրեն զանգահարել է Վոլոդյա Ավետիսյանը և ասել, որ ընկերը, որը պետք է օգնի իրենց, մեկնում է Ղարաբաղ և հարցերը շուտ մինչ նրա մեկնելը պետք է կարգավորել: Հակառակ դեպքում հարցի լուծումը կհետաձգվի 15 օրով:

Վոլոդյա Ավետիսյանի խոսքերից հասկացել է, որ գումարային հարցերը պետք է լուծվեն, այսինքն` պահանջված գումարը` 500 ԱՄՆ դոլարը պետք է տրվի այդ մարդուն, որպեսզի նա Անժելայի որդու խնդիրը կարգավորի: Վոլոդյա Ավետիսյանի համաձայնությամբ նրա հեռախոսահամարը փոխանցել է Անժելային և ասել, որպեսզի ամուսինը` Ալբերտ Մաթոսյանը զանգահարի և հանդիպի Վոլոդյայի հետ: Նույն օրը երեկոյան, կամ հաջորդ օրը, զանգահարել է Անժելյա Պողոսյանին և հետաքրքրվել, թե ինչ են պայմանավորվել Վոլոդյայի հետ: Անժելյա Պողոսյանն ասել է, որ Վոլոդյա Ավետիսյանը կարող է նույն զորամասում երեխային նշանակել համակարգչային օպերատոր, սակայն իրենք ցանկանում են որդուն տեղափոխել այլ զորամաս: Ինքը տեղյակ է, որ Անժելյա Պողոսյանը և ամուսինը Վոլոդյա Ավետիսյանին որևէ գումար չեն տվել: 2013թ. սեպտեմբերի 20-ին առավոտյան բարեկամներից և հարևաններից տեղեկացել է որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է խարդախություն կատարելու համար և հեռուստացույցով ցուցադրել են Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալված, այն բանի համար, որ նա Գյումրու մի բնակչից խարդախությամբ գումար է հափշտակել:

Որպես ապացույց է ճանաչվել և դատարանում հետազոտվել  նաև Վոլոդյա Ավետիսյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները:

Դատարանը, պաշտպան Արա Զաքարյանի միջնորդության հիման վրա, վկա Հենրիկ Հարոյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքն անթույլատրելի ապացույց է ճանաչել:

Նա ներկայացել է դատաքննությանը և հայտնել, որ տառապում է մի շարք հիվանդություններով, ունի հիշողության կորուստ և չի հիշում, թե նախաքննության ընթացքում ինչ ցուցմունքներ է տվել: Նույն պատճառաբանությամբ դատարանում հրաժարվել է ցուցմունք տալ: Դրանից հետո դատական նիստի դահլիճում գտնվող քաղաքացիների կողմից դատական նիստի բնականոն ընթացքը խանգարելու պատճառով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է այլ հերթի, որից հետո Հ.Հարոյանը մեկնել է Հայաստանի Հանրապետությունից և այլևս հնարավոր չի եղել նրան հրավիրել դատական նիստի:

 Դատարանի իրավական վերլուծությունները.

Վերլուծելով և գնահատելով դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցներն իրենց համակցության մեջ, դատարանը ձեռք բերված ապացույցները բավարար է գտնում և գործի փաստական հանգամանքներով հաստատված է համարում, որ ամբաստանյալ Վ.Ավետիսյանը հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր` որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդուն Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը:

Չունենալով նման պայմանավորվածություն, 2013 թվականի հուլիսի 29-ին ժամը 14:00-ի սահմաններում Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի` 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել: Այսինքն` Վ.Ավետիսյանը կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներին, որով նա ենթակա է քրեական պատասխանատվության:

Բացի այդ, Վ.Ավետիսյանը խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր` որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Շիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի բնակիչ Հենրիկ Մկրտիչի Զաքարյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե որոշ պաշտոնատար անձանց միջոցով կարող է 5000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից նրա թոռանը` 11.08.1995 թվականին ծնված Հենրիկ Հայկազի Հարոյանին, սակայն չունենալով նման պայմանավորվածություն, 2013 թվականի օգոստոսի 13-ին ժամը 13-40-ի սահմաններում Արմավիր-Աշտարակ ավտոմայրուղու վրա Հենրիկ Զաքարյանից վերցրել է խոշոր չափերի 814.260 ՀՀ դրամին համարժեք 2000 ԱՄՆ դոլար գումար և հափշտակել այն` գումարն օգտագործելով իր անձնական կարիքների համար: Այսինքն` Վ.Ավետիսյանը կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերի հատկանիշներին, որով նա ենթակա է քրեական պատասխանատվության:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել