Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով կատարված օպերատիվ նկարահանումները, հեռախոսային խոսակցությունների արձանագրությունները չեն կարող ապացուցողական նշանակություն ունենալ: Այս մասին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այդ սկավառակների դիտումից հետո հայտարարեց նրա պաշտպան Արա Զաքարյանը:
Նրա խոսքով` պաշտպանական կողմը դեռևս նախաքննության ընթացքում կասկածի տակ է դրել այդ սկավառակների պարունակության հավաստիությունը և պահանջել է կատարել համապատասխան փորձաքննություններ, քանի որ, ըստ պաշտպանի, դրանց մեծ մասը համապատասխան ծրագրի միջոցով մեծ հավանականությամբ սարքված է:
Արա Զաքարյանը միջնորդեց դատարան հրավիրել և հարցաքննել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և գործով ներգրավված քննիչին: Պաշտպանը մեջբերեց Սեյրան Օհանյանի զրույցը լրագրողների հետ, որտեղ նա նշել է, որ ազատամարտիկներին հուզող թեմաներով երկու հանդիպում է ունեցել Վոլոդյա Ավետիսյանի հետ, սակայն հետագայում խախտվել է այդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը:
«Հենց այդ պայմանավորվածության խախտումն է պատճառ դարձել, որ իմ պաշտպանյալի նկատմամբ գաղտնալսումներ սկսվեն և քրեական գործ հարուցվի»,- եզրահանգեց Արա Զաքարյանը: Նրա խոսքով` Սեյրան Օհանյանին հայտնի են այնպիսի տեղեկություններ, որոնք էական նշանակություն ունեն գործի բազմակողմանի քննությունն ապահովելու համար:
Դատախազ Հենրիկ Պապյանը դատարանին միջնորդեց մերժել պաշտպանի երկու միջնորդություններն էլ` գործի հետ կապ չունենալու պատաճառաբանությամբ: Դատավոր Լևոն Ավետիսյանը մերժեց միջնորդությունները:
Նշենք, որ մի քանի սկավառակի պարունակություն այսօր հնարավոր չեղավ հետազոտել տեխնիկական խնդիրների պատճառով:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net