Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով այսօր նշանակված դատական նիստին ներկա էին դատավարական կողմերն ու լրագրողները: Դատավոր Լևոն Ավետիսյանի որոշման համաձայն՝ ազատամարտիկի մարտական ընկերներին արգելվել է մասնակցել դատական նիստերին՝ դատաքննությանը խոչընդոտելու պատճառաբանությամբ:
Դատական նիստի ժամանակ հետազոտվեցին գործի այլ ապացույցները, մասնավորապես՝ Վոլոդյա Ավետիսյանի և գործով վկա ճանաչված մի քանի քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների ձայնագրության սղագրությունները:
Դատախազ Հենրիկ Պապիկյանն ընթերցեց այդ խոսակցությունների սղագրությունները, իսկ սկավառակը որոշեցին հետազոտել հետո՝ իրեղեն ապացույցների հետազոտման ժամանակ:
Ըստ այդ սղագրությունների՝ Ալբերտ Մաթոսյանի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ Վոլոդյա Ավետիսյանն ասել է, որ հեռախոսով թեմայի մասին խոսել պետք չէ և պայմանավորվել են հանդիպել: Ավելի ուշ Վոլոդյա Ավետիսյանը զանգահարել է Ալբերտ Մաթոյանի կնոջը՝ Անժելա Պողոսյանին: Վերջինս հայտնել է, որ ամուսինը եկել է Ազատության հրապարակ նրան տեսնելու, մի քանի անգամ զանգահարել է, սակայն Վոլոդյա Ավետիսյանը չի պատասխանել:
«Ինքը սպիտակ ա հագնված, քյաչալ տղայա»,- ամուսնուն նկարագրել էր կինը:
Դատական նիստը շարունակվում է: Ուսումնասիրվում են դատարանի թույլտվությամբ կատարված օպերատիվ նկարահանումները և հեռախոսային խոսակցությունները:
Հիշեցնենք, որ ըստ Վոլոդյա Ավետիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ Նա և իր մարտական ընկերները հայտարարել են, որ սա քաղաքական հետապնդում է, և Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել, որպեսզի կասեցվի ազատամարտիկների սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net