Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած բողոքի քննությունը` խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատարանը մերժել է պաշտպանի ներկայացրած բողոքը:
Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանի այս քայլը հերթական անգամ ապացուցեց, որ Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալել են իր քաղաքական հայացքների համար, և նա քաղբանտարկյալ է: Նա նշեց, որ որոշումն անօրինակ է և այն բողոքարկելու է Վճռաբեկ դատարան:
Մինչև դատարանի որոշում կայացնելը` Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ ինքը ներկայացրել է ծանրակշիռ փաստերը և հույս հայտնել, որ դատարանը կբավարարի բողոքը: Նրա կարծիքով` նման իրավիճակներում դատարանը պարտավոր է ազատ արձակել անձին, քանի որ նախաքննական մարմինը գործով առանձակի ջանասիրություն չի ցուցաբերում:
Վերաքննիչք քրեական դատարանի մոտ են հավաքվել Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները: Նրանք այդ կերպ քաջալերում են իրենց մարտական ընկերոջը` վստհաեցնելով, որ պայքարելու են մինչև վերջ:
Արև Ավագյան